570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը

26.10.2023, 19:05
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք, հաղորդում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու հարցում պաշտոնատար անձին կաշառք տալու միջոցով օգնելու համար վերջինիս հայրը՝ Ս. Հ.-ն, դիմել է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի պահեստապետ Գ. Գ.-ին:

Վերջինս էլ, կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, նշված հարցով դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին, ով ընդունել է կաշառքի առաջարկը:

Այնուհետև Է. Ա.-ն, իր ծառայողական և իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, զինծառայողի օգտին ապօրինի անգործություն կատարելու՝ վերջինիս մոտ արգելված իր հայտնաբերելու դեպքը չարձանագրելու և ընթացք չտալու համար, պահեստապետ Գ. Գ.-ի օժանդակությամբ, զինծառայողի հորից 2023 թվականի սեպտեմբերի 12-ին բանկային փոխանցման եղանակով ստացել է խոշոր չափերի՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք:
Ի դեպ, նախաքննության ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ ՌՈ բաժանմունքի պաշտոնատար անձանց աշխատասենյակներում հայտնաբերվել է առանց օրինական հիմքերի պահվող զինամթերք:

26.10.2023 թ.-ին ՊՆ Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն, վերջինիս կաշառք տված Ս. Հ.-ն և նրան օժանդակած Գ. Գ.-ն ձերբակալվել են:

Մարտունու ՌՈ տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ Գ. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Է. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը դատարանի կողմից բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-