Սպառնալիքի դեպքում Երևանը կկիրառի «Իսկանդերները» առանց Մոսկվայի հետ համաձայնության. դեսպան Տողանյան

15.04.2017, 10:30
ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում Երևանը կկիրառի «Իսկանդերները» առանց Մոսկվայի հետ համաձայնության։
Սպառնալիքի դեպքում Երևանը կկիրառի «Իսկանդերները» առանց Մոսկվայի հետ համաձայնության. դեսպան Տողանյան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում խոսել է ղարաբաղյան հակամարտության հարցում Երևանի դիրքորոշման, տարածաշրջանային հարաբերությունների, Մոսկվայի հետ համագործակցության, ինչպես նաև այն մասին, թե ինչպես Հայաստանը կարձագանքի իր անվտանգությանը սպառնալիք տեսնելու դեպքում։

Նա հայտարարել է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանն առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ մղումներն ու նմանատիպ քաղաքականությունը։

«Այստեղ հարցը սպառազինության քանակի և դրանց որակի մեջ չէ, այլ այն, թե ինչ քաղաքականություն ենք վարում։ Մենք վարում ենք խաղաղություն պահպանելու և հրադադարի մասին միջազգային համաձայնագրերին հետամուտ լինելու քաղաքականությու՞ն, թե՞, ամեն դեպքում, վարում ենք ռազմական ներուժի ավելացման և ռազմական ճանապարհով այդ հարցը լուծելու քաղաքականություն», – նշել է դեսպանը։

«Մենք տեսնում ենք Ադրբեջանի ռազմականացումը և այդ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, քանի որ ոչ միայն մենք ենք համագործակցում Մոսկվայի հետ, այլ նաև Բաքուն։ Տեսնում ենք նաև համագործակցություն այլ դերակատարների` Թուրքիայի և Իսրայելի հետ», – հայտարարել է Տողանյանը։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ղարաբաղում տեղի ունեցավ արյունահեղ քառօրյա պատերազմը, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, ոչնչացվեցին սահմանամերձ գյուղեր։

«Դա տեղի էր ունենում ողջ տարվա ընթացքում ոչ միայն ԼՂ–ի հետ շփման գծում, այլև Հայաստանի հետ սահմանին` հյուսիս–արևմտյան հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղի տարածքից», – հայտարարել է հայ դիվանագետը։

Նրա խոսքով, Երևանը կարծում է, որ միայն խաղաղության պահպանման միջազգային պարտավորություններին հետևելով և քաղաքական երկխոսության ձգտման միջոցով է հնարավոր պահպանել տարածաշրջանի կայունությունը։

«Ռազմականացման գաղափարախոսությունը որևէ լավ բանի չի հանգեցնի։ Այդ պատճառով մեր ունեցած «Իսկանդերները» ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։ Իսկ ՀՀ նախագահը վերջերս հրապարակային կերպով հայտարարեց, որ եթե ծագի մեր սահմանների և քաղաքացիների անվտանգության սպառնալիք, ապա, այո, այդ զենքը կկիրառվի», – ընդգծել է դեսպանը։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի սկզբունքային գաղափարախոսությունն է հետամուտ լինել բացառապես խաղաղ գործընթացին, իսկ հակամարտության լուծումը պետք է լինի հենց քաղաքական։

Խոսելով «Իսկանդեր» համալիրների կառավարման մասին` դեսպանը հայտարարել է, որ այդ զենքը Հայաստանի զինված ուժերինն է, հետևաբար դրանց կառավարումը ևս իրականացվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

«Ելնելով նախագահի հայտարարությունից` սպառնալիքի դեպքում որպես գերագույն գլխավոր հրամանատար` նա իրավունք ունի գործարկել համապատասխան զենքը։ Չնայած, որ մենք Ռուսաստանի հետ ունենք միավորված ռազմական խմբավորում, ունենք ՀՕՊ միավորված համակարգ, եթե խոսքը մեր բանակի զենքը կիրառելու որոշման մասին է, ապա այն կընդունի հենց հայկական կողմը», – ասել է Տողանյանը։–0–