Շինությունը պաշտպանված չի եղել կեղտի կուտակումից. հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

28.10.2024, 18:30
Արտադրամասը պաշտպանված չի եղել բորբոսի առաջացումից, չեն եղել լվացարաններ՝ տաք և սառը ջրով
Շինությունը պաշտպանված չի եղել կեղտի կուտակումից. հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։

Մասնավորապես՝

- արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից,

- արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով,

- պատերի, հատակի մակերևույթների որոշ հատվածներ նորոգված չեն եղել,

- թափոնները, իրենց կատեգորիաներին համապատասխան, տեղադրված չեն եղել առանձին մակնշված, սարքին վիճակում գտնվող և բացառապես այդ թափոնների ու աղբի հավաքման և պահպանման համար օգտագործվող փակվող տարողություններում։

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնում է, որ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։