Օգոստոսյան տապը` սեպտեմբերին. Սուրենյան

31.08.2018, 17:37
Սեպտեմբերի ջերմաստիճանային ֆոնը քիչ կտարբերվի օգոստոսից:
Օգոստոսյան տապը` սեպտեմբերին. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի ջերմաստիճանային ֆոնը քիչ կտարբերվի օգոստոսյանից, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հաշվի առնելով կլիմայական պայմանները` սեպտեմբերը կշարունակի «ամառային ամիս» մնալ և իր ցերեկային շոգի ցուցանիշով քիչ կտարբերվի օգոստոսից։ Նույնն էլ կլինի տեղումների քանակը։ Միայն ամսվա վերջին գիշերային ջերմաստիճանն էապես կիջնի»,– ասաց նա։

Սուրենյանի խոսքով, օդի ցերեկային ջերմաստիճանն Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի նախալեռներում և Վայոց Ձորի հովիտներում կպահպանվի 33-35 աստիճան տաքության սահմաններում, իսկ մինչև ամսվա վերջ գիշերը կարող է նվազել 10-12 աստիճանով։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում ցերեկային ժամերին սպասվում է 27-30 աստիճան, իսկ գիշերներն օդի ջերմաստիճանը կիջնի 2-5 աստիճանով։ Լոռու մարզում օդի ցերեկային ջերմաստիճանը կտատանվի 28-31 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը կցրտի 2-6 աստիճանով։

«Տավուշի մարզում բավականին շոգ կլինի` ցերեկը ջերմաստիճանը կհասնի 30-35 աստիճանի, իսկ գիշերը տարբերությունը կկազմի 5-10 աստիճան»,– ասաց Սուրենյանը։

Օդերևութաբանի խոսքով, Սյունիքի մարզում սպասվում է 34-35 աստիճան, իսկ ամսվա վերջում գիշերը սնդիկի սյունը կնվազի մինչև 10-13 աստիճան։

«Շոգ եղանակ կպահպանվի սեպտեմբերին նաև Երևանում։ Ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-35 աստիչան, իսկ ամսվա վերջին գիշերային ժամերին սպասվում է 12-15 աստիճան»,– ասաց նա։

Խոսելով ավարտվող ամռան մասին` Սուրենյանը նշեց, որ եղանակը տատանվել է, բայց շոգ է եղել։

«Հունիսն անձրևոտ էր, հուլիսը ռեկորդային էր ջերմաստիճանային տեսանկյունից, օգոստոսին բնորոշ էր փոփոխական եղանակը` մեղմ երեկոներով։ Հունիսին և օգոստոսին մարզերում վնաս է հասցրել կարկուտը»,– նշեց նա։ -0-