Մասնագետներն ուսումնասիրել են Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի պատերի ճաքերը. ահազանգ ԱԻՆ–ում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք։
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարհանվել են դպրոցից:
Տեղում պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը, հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա:
Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:–0–