Կրթության և գիտության նախարարն աշխատանքի է գնում` ի հեճուկս բժիշկների

20.01.2016, 20:09
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի լրագրողներին խոստովանեց, որ աշխատանքի է գալիս` ի հեճուկս բժիշկների խորհուրդների։
Կրթության և գիտության նախարարն աշխատանքի է գնում` ի հեճուկս բժիշկների

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը չորեքշաբթի լրագրողներին խոստովանեց, որ աշխատանքի է գալիս` ի հեճուկս բժիշկների խորհուրդների։

Աշոտյանը հունվարի 2–ին տեղափոխվել էր հիվանդանոց ոտքի կոտրվածքի պատճառով, նա վիրահատվել էր։

«Աշխատանքի եմ գալիս օրվա երկրորդ կեսին և մնում մինչև ուշ երեկո։ Պաշտոնական լիազորությունները կատարում է դեռ պարոն Մկրտչյանը (փոխնախարար)։ Սակայն կարծում եմ, որ կարող եմ չափավոր կերպով կատարել ընթացիկ աշխատանքը։ Պաշտոնապես կանցնեմ աշխատանքի, երբ պատրաստ լինեմ դրան», – ասաց Աշոտյանը։ 

Նա  շնորհակալություն հայտնեց հազարավոր մարդկանց, ովքեր սոցցանցերի միջոցով աջակցել են նրան և բարեմաղթանքներ հղել։

«Քաղաքական գործիչների ֆիզիկական և առողջական խնդիրների կապակցությամբ արտահայտած ուրախությունը վկայում է ընդդիմախոսների քաղաքական թուլության մասին։ Ավելի շատ պատիվ և բավարարվածություն է բերում լիարժեք ֆիզիկական վիճակում գտնվող մարդկանց նկատմամբ տարած հաղթանակը։ Չնայած ես այս վիճակում ևս հաջող դիմակայում էի մարտահրավերներին», – ասաց Աշոտյանը։

«Ցանկացած քաղաքական գործիչ պետք է լինի լավ ֆիզիկական վիճակում։ Քաղաքական պայքարը պետք է ազնիվ մղել», – ավելացրեց նախարարը։–0–