Կենդանաբանական այգին հունվարին դիմել է ՍԱՊԾ–ին. վերջինս էլ հատուկ միջոցառումներ է իրականացրել

15.06.2018, 21:06
Կենդանաբանական այգին հունվարին դիմել է ՍԱՊԾ–ին. վերջինս էլ հատուկ միջոցառումներ է իրականացրել:
Կենդանաբանական այգին հունվարին դիմել է ՍԱՊԾ–ին. վերջինս էլ հատուկ միջոցառումներ է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/.Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ 

Ուսումնասիրելով տեղեկատվությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հստակեցնում է, որ խոսքը վերաբերում է 5 ամիս առաջ տեղի ունեցած դեպքերին, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

Դեռևս 2018 թվականի հունվարի 18-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի անասնաբույժը ծառայությանը տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգում կան հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ: 

Загружается новость ... "Лево"

Ծառայության անասնաբուժության տեսչության մասնագետների այցելության և կենդանիների կլինիկական զննման արդյունքում 8 գլուխ լամաների մոտ ախտորոշվել է տուբերկուլյոզ հիվանդություն, որն էլ հետագայում հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքներով: Լամաները, ինչպես նաև դրանց հարևանությամբ պահվող  1 գլուխ կխտարը, 1 գլուխ դավթի եղջերուն, 19 գլուխ կամերունյան այծերը և ևս 4 գլուխ լամաները, որոնք նույնպես կարող էին հնարավոր վարակի աղբյուր հանդիսանալ, խոտանվել են և սահմանված կարգով ոչնչացվել: 

Այնուհետև այգու ամբողջ տարածքում կատարվել է անկած կենդանիների ազատավանդակների մեխանիկական մաքրում, պարբերական ախտահանություն, իսկ ախտահարված օջախներում՝ նաև գրունտի (հողի) փոփոխություն: 

«Այդ դեպքից առ այսօր ծառայությունը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից տուբերկուլյոզի հարուցիչի հետևանքով որևէ կենդանատեսակի անկման կամ այլ հիվանդության մեջ կասկածվող կենդանու մասին ահազանգ չի ստացել», – նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել էր Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայության ղեկավար Ռուբեն Աբրահամյանը, տուբերկուլյոզից կենդանիների անկման դեպքեր գրանցվել են 2018 թ.–ի հունվարին ուղտայծերի, եղջերուների, կխտարների, այծերի ազատավանդակում։ Հիվանդ կենդանիները քնեցվել են, իսկ նրանց մարմինները`դիակիզվել։ Շուրջ երկու շաբաթ այգին փակ է եղել կարանտինի, սակայն վերահսկողությունը շարունակվել է ևս որոշ ժամանակ։ Փետրվարի 12–ից այգին բացվել է, և հիմա աշխատում է նորմալ ռեժիմով։–0–