Երեխան կամ պարտքը. հայտնի են դարձել Հայաստանում 10–ամյա աղջկա առևանգման մանրամասները

04.02.2018, 13:18
Եղվարդի բնակչուհին խաբեությամբ իր տուն է տեղափոխել պարտապանի 10-ամյա դստերը և երեխայի մորից պահանջել վերադարձնել պարտք մնացած 30.000 դրամը։
Երեխան կամ պարտքը. հայտնի են դարձել Հայաստանում 10–ամյա աղջկա առևանգման մանրամասները
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ, կասկածյալը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Վ.Աբգարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստերը Եղվարդ քաղաքի բնակչուհիներից մեկը խաբեությամբ իր տուն է տեղափոխել և պահանջել վերադարձնել պարտքը։

Загружается новость ... "Лево"

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Եղվարդի բնակչուհիներից մեկը, օգտագործելով տարիների ընթացքում իրենց ընտանիքների միջև ձևավորված մտերմիկ հարաբերությունները, խաբեությամբ, խանութ գնալու պատրվակով, իր բնակության հասցե է տեղափոխել Վ.Աբգարյանի անչափահաս՝ 10-ամյա դստերը և երեխայի մորից պահանջել վերադարձնել պարտք մնացած 30.000 ՀՀ դրամ գումարը։ Հակառակ պարագայում սպառնացել է չազատել երեխային:

Դեպքի առթիվ փետրվարի 2-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով (պատանդ վերցնելը): Նույն օրն անչափահասը ճանաչվել է տուժող, կասկածյալը ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։–0–