ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ` առողջապահության նախարարության մասնագիտական խումբն այսօր շրջայց է կատարել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ` երեկ ծնված հնգյակի առողջական վիճակի մասին տեղեկանալու, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։
«Էրեբունի» ԲԿ–ում նախօրեին առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։
Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում։
Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում առանձին գնահատվել է նորածինների առողջական վիճակը, քննարկվել են խնամքին ու բուժմանն առնչվող հարցերը:
Загружается новость ... "Лево"
Մասնագետների գնահատմամբ` երեխաներից 3-ի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր։ Մասնագետները գտնում են, որ խորը անհասության պարագայում վիճակի զարգացումների հետագա ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել դեռևս վաղ է:
Մասնագիտական խումբը հանդիպել է նաև նորածինների հարազատներին, ներկայացրել իրավիճակը բժշկական տեսանկյունից, պարզաբանել հարցերը:
Նշենք, որ նորածինների բուժման ընթացքը գտնվում է նախարարության և անձամբ նախարարի ուշադրության ներքո, և մասնագետների այցերը կլինեն շարունակական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորածինները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։ Նրանց լույս աշխարհ գալուց անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ ռեանիմոցիոն գործողություններ։–0–