Տավուշում գտնված վիրավոր սպիտակագլուխ անգղի ճախրելու հավանականությունը զրոյական է (ՎԻԴԵՈ)

26.10.2017, 15:56
Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։
Տավուշում գտնված վիրավոր սպիտակագլուխ անգղի ճախրելու հավանականությունը  զրոյական է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանի կողմից նախօրեին գտնված վիրավոր անգղին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն նրա ճախրելու հավանականությունը  զրոյական է, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Սկզբում Առաքելյանը թռչունին տեղափոխել է իր բնակարան։ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Ղազարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում` վիրավոր թռչունը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի։

 

«Սպիտակագլուխ անգղը հոկտեմբերի 26-ի գիշերը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն։ Մասնագետները, որոնց թվում եղել է նաև Ֆինլանդիայից ժամանած անասնաբույժը, նախնական զննում են իրականացրել», – նշվում է հաղորդագրության մեջ։

 

Ցավազրկողի ներարկումից հետո իրականացվել է նաև ռենտգեն հետազոտություն: Թռչնի զննության, այդ թվում ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է մոտ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ:

Նախնական տվյալներով` անգղի մոտ հրազենային վնասվածքներ առկա չեն:

 

Անգղի վիճակի մասին լիարժեք եզրակացություն հնարավոր կլինի տալ վերականգնողական գործընթացի ընթացքում:

Այս պահին թռչնի առողջական վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, սակայն մասնագետների փոխանցմամբ` նման կոտրվածքների դեպքում թռչելու հավանականությունը զրոյական է:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:  ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:–0–