ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սադրանք է որակել Հայաստանի ոստիկանության հայտարարությունը, որտեղ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին սթափության կոչ է անում և պահանջում ձեռնպահ մնալ սադրանքներից։
Ազատության հրապարակում երեքշաբթի կազմակերպվել է «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի նախաձեռնած հանրահավաքը, որի գլխավոր նպատակն է տապալել դեկտեմբերի 6–ին նախատեսված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։
«Մենք որևէ սադրիչ գործողություններ չենք անում, խելամիտ և ողջամիտ ենք դատում», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին` ընդգծելով, որ իրավապահ մարմիններն անօրինական կերպով սահմանափակում են քաղաքացիների սահմանադրական իրավունքը, որը վերաբերում է տեղաշարժվելու ազատությանը։
Նրա խոսքով` ոստիկանության հայտարարությունն ինքնին սադրանք է։ «Նրանք (ոստիկանությունը, խմբագրություն) դիտավորյալ կերպով ապատեղեկացնում են ժողովրդին։ Այստեղ ամեն ինչ համակարգված է...Պահանջում եմ, որպեսզի մեզ հետ չխոսեն սադրանքների լեզվով և չսպառնան», – ընդգծել է քաղաքական գործիչը։
Ոստիկանությունն իր տարածած հայտարարության մեջ ակցիայի կազմակերպիչներին` «Նոր Հայաստան» շարժման առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին սթափության կոչ է արել և պահանջել նման բազմամարդ միջոցառումներում ձեռնպահ մնալ ինչպես հավաքի մասնակիցների, այնպես էլ ՀՀ ոստիկանության աշխատակիցների անվտանգությանը սպառնացող իրավիճակներ ստեղծելուց:
«Նման գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար ողջ պատասխանատվությունը կրելու են հավաքի կազմակերպիչները», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել ՀՀԿ–ի գրասենյակի մոտ։ Իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ ՀՀԿ–ի գրասենյակի շենքին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկնել դնել շենքի մոտ։–0–