ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից և դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Այս տեղեկությանը ճշտելու համար պարբերականի թղթակիցը, որպես գնորդ, այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ։ Խանութներից մեկում աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ։ Վաճառողը նշել է, որ այս օրերին, ՊՊԾ գնդի և դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, վաճառում են միայն պնևմատիկ զենքեր, որոնք վտանգավոր չեն և գրանցման կարիք չունեն։
«Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետև ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,– հավելել է խանութի աշխատակիցը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ոչ հերքել, և ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին թերթի տեղեկությունը։
Ընդ որում, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, թերթի տվյալներով, նաև որսորդներից և զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում