ՀՀ վարչապետը կանգնեցրել է արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման գործընթացը

03.03.2017, 19:55
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն,  անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին, նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է։
ՀՀ վարչապետը կանգնեցրել է արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների բացման հարցին, նշել է, որ այդ գործընթացը կանգնեցվել է։

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Կարապետյանն այդ մասին տեղեկացրել է ուրբաթ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հետ ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ։

«Ես համարել եմ դա ոչ արդյունավետ: Եթե մենք ունենք դեսպանատներ և ունենք հետաքրքրություններ այդ երկրներում, ինչո՞ւ դեսպանատների հարթակը չօգտագործենք: Երբ արտաքին գործերի նախարարի հետ խոսում էինք տնտեսական բաղադրիչի ակտիվացման մասին, պայմանավորվել ենք՝ որևէ կերպ մեր դեսպանատները դասակարգել՝ ելնելով ակնկալիքներից, չափերից, հնարավորություններից, և մեր սպասումները, խնդիրներն ու պահանջները ձևակերպենք ըստ այդ ռանգավորման», – ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների գործունեությունից ակնկալում է ավելի կիրառական արդյունք:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների շփումն ու կապը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու այլ գերատեսչությունների հետ պետք է լինի պարբերական, պետք է առավել գործուն և ակտիվ ներկայացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունները:

«Եկեք մենք ուղղակի թևերներս քշտենք, սկսենք աշխատել», - հորդորել է կառավարության ղեկավարը:–0–