ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում զինված ուժերի հրթիռահրետանային զորամասերից մեկի զինծառայողները մասնակցել են ճամբարային հավաքների:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները:
Դաշտային պայմաններում ներդաշնակվել են նաև մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները:
«Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաև զորավարժություն: Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–