ՀՀ կրթության նախարարը պարզում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված հակամարտության պատճառը

28.11.2016, 20:11
Լևոն Մկրտչյանը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ուսումնասիրմամբ:
ՀՀ կրթության նախարարը պարզում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված հակամարտության պատճառը
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ստեղծել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ուսումնասիրմամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ երկուշաբթի առավոտյան կրթահամալիրում արտակարգ և լարված իրավիճակ է ստեղծվել: Կայքի հաղորդմամբ, կրթահամալիրի բոլոր սաները՝ ի նշան բողոքի, շարային երթ են անում հրապարակում ու պահանջում տնօրենի հրաժարականը։

Ինչպես նշվում է կրթության նախարարության հաղորդագրության մեջ, նախարարի հանձնարարականով կրթահամալիր են այցելել ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, նախարարության մարզառազմական և արտաուսումնական կրթության վարչության պետ Արկադի Պետրոսյանը և ԿԳՆ այլ աշխատակիցներ:

Վերջիններս հանդիպել և զրուցել են կրթահամալիրի սովորողների հետ, ստեղծված իրավիճակը քննարկել նաև կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհդի նախագահի հետ: Սովորողները ԿԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հարց են բարձրացրել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում ուսումնական աշխատանքների կազմակերպման ընթացքում առանձին դեպքերում չեն պահպանվել մանկավարժական մոտեցումները:

Ինչպես նշում է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարի հանձնարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի գլխավորությամբ, որը իրավիճակի ուսումասիրությունից և անհրաժեշտ պարզաբանումից հետո կներկայացնի հիմնախնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ առաջարկություններ: Այս պահին ուսումնական գործըթացը վերականգվել է: -0-