Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները լքեցին դատական նիստերի դահլիճը

12.08.2016, 17:04
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները լքեցին դատական նիստերի դահլիճը
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենա/. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ այլևս չեն մասնակցելու դատական նիստերին, գրում է pastinfo–ն։

Պատճառն այն էր, որ տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդել էին դատարանին երեք շաբաթով հետաձգել դատական նիստը՝ մինչև որ տուժող կողմի ներկայացուցիչների քաղհայցը չընդունելու դեմ իրենց կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշում կայացվի

Դատարանն այսօր մերժեց միջնորդությունը:

Ինչպես նշել է տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը, գործի ապացույցներից ակնհայտ է, որ դատարանը մեղադրական դատավճիռ է կայացնելու և արդարացի պատիժ է նշանակելու ոճրագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ, իսկ արդարացի պատիժը, տվյալ պարագայում, ցմահ ազատազրկումը պետք է լինի: Սակայն, ըստ էության, տուժող կողմի համար կարևոր միջնորդությունները հիմնականում մերժվում են:

Փաստաբանը հատկապես կարևորեց ընդհանուր առմամբ 450 հազար եվրոյի չափով կյանքի իրավունքի խախտման հիմքով բարոյական վնասի փոխհատուցման պահանջով քաղհայցը, որի ընդունումն անհիմն մերժվել էր դատարանի կողմից:

Տուժող կողմը կարևոր է համարում նաև, որ ՌԴ-ն, որի պաշտոնատար անձինք Պերմյակովին զինծառայության են ուղարկել Հայաստան ու զենք տվել նրան, նույնպես պատասխանատվության ենթարկվեն՝ բարոյական վնասի փոխհատուցման տեսքով:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյայովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա ընդունել է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները։ -0-