Չորեքշաբթի` հուլիսի 13–ի առավել ուշագրավ նորությունները

14.07.2016, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` հուլիսի 13–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հուլիսի 13–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

• Հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց, իսկ հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ (2 արկ), հայտնել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Միաժամանակ, գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 13-ին ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, անցկացնում է ուսումնամարտական թռիչքներ` ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ:

• Օդերևութաբանները զգուշացնում են, որ Հայաստանի մարզերում և Երևանում օդի ջերմաստիճանն առաջիկա հինգ օրերին աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով` հասնելով +36...+38 աստիճանի։
  
• ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ 2016-2017 ուսումնական տարվա ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

• Հայաստանի խմելու ջուրը միկրոկենսաբանական տեսանկյունից լիովին անվտանգ է, հայտնել է ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը` մեկնաբանելով բրիտանացիների կողմից կազմած` վնասակար խմելու ջուր ունեցող երկրների ցուցակը: 

• «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան։  Բացի այդ, կինոփառատոնի շրջանակում հանրաճանաչ ուկրաինացի ռեժիսոր Ռոման Բալայանն արժանացել է «Ոսկե ծիրանի» և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին: