Արսեն Թորոսյանը նշել է, թե որտեղից է ավելի լավ գնել դեղորայք

07.11.2018, 14:58
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, թե որտեղից է ավելի լավ գնել դեղորայք։
Արսեն Թորոսյանը նշել է, թե որտեղից է ավելի լավ գնել դեղորայք

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշել է, թե որտեղից է ավելի լավ գնել դեղորայք։

Հայաստանի բնակիչները, այդ թվում` որոշ պատգամավորներ, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը, պարբերաբար բողոքում են, որ ստիպված են դեղորայք գնել օտարերկրյա ճամփորդությունների ժամանակ, մասնավորապես, դեպի Վրաստան։ Որպես պատճառ նրանք նշում են ոչ միայն գնային, այլև որակական տարբերությունը։ Ինչպես ավելի վաղ նշել էր Զոհրաբյանը, Հայաստանում գնված անալգինը չի ազատում գլխացավից `ի տարբերություն Թբիլիսիում գնվածի։

«Հայկական անալգինը միշտ ազդել է, եթե այն ձեռք չեն բերել դեղորայքը կեղծող դեղատնից։ Ես ինքս դեղորայքը գնել և հիմա էլ գնում եմ Երևանից։ Որևէ տարբերություն չկա Երևանում կամ Թբիլիսիում գնված անալգինի միջև», – ասաց Թորոսյանը չորեքշաբթի` ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաև ընդգծեց, որ կատարվել են ուսումնասիրություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են կեղծ դեղորայք ներկրող դեղատներ, որոնք ենթարկվել են վարչական պատասխանատվության։

«Պատասխանատու մարմնից բացի, մենք մեր կողմից ևս ստուգումներ ենք անցկացնում` արդյոք բոլոր ներկրվող դեղամիջոցները համապատասխանում են իրենց կանոնակարգին և միայն համապատասխանության դեպքում ենք թույլ տալիս իրականացնել ներկրում», – նշեց Թորոսյանը։

Պատասխանելով լրագրողների այն խոսքին, որ այն դեղամիջոցը, որը Թորոսյանը կանոնավոր կերպով ընդունում է առողջական խնդիրների պատճառով, ֆրանսիական արտադրության է` նա նշեց, որ դա իր անձնական ընտրությունն է։

«Դա չի նշանակում, որ ես չեմ վստահում տեղական արտադրողներին, պարզապես դա իմ անձնական ընտրությունն է, կան տարբեր արտադրության դեղամիջոցներ, սակայն դրանք բոլորը համապատասխանում են չափանիշներին», – ասաց Թորոսյանը։

Խոսելով Հայաստանի դեղորայքի շուկայում գործող մենաշնորհների մասին` Թորոսյանը նշեց, որ այս պահին կան միայն խոշոր դերակատարներ, ոլորտում շատ են ներկրողները, և կարգավորիչը հետևում է նրանց գործունեությանը։

Նա նաև ընդգծեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ևս ուշադիր հետևում է գների շուրջ ներկրողների հնարավոր պայմանավորվածությանը և մշտապես վերահսկում է իրավիճակը։–0–