Արմավիրի մարզպետի խորհրդականի դին հայտնաբերվել է կապկպված. հարուցվել է քրեական գործ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)

26.07.2017, 14:40
Տան բակից Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

Արմավիրի մարզպետի խորհրդականի դին հայտնաբերվել է կապկպված. հարուցվել է քրեական գործ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի, /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին ժամը 22։00- 23:00-ի սահմաններում ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

Загружается новость ... "Лево"

Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է Արամավիրի մարզային քննչական վարչության վարույթում։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Սիմոնյանի սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ -0-