«Արի տուն» ծրագրին այս տարի կմասնակցեն 1100-ից ավելի երիտասարդներ

29.01.2016, 15:55
Այսօր կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016 թվականի ծրագրին:
«Արի տուն» ծրագրին այս տարի կմասնակցեն 1100-ից ավելի երիտասարդներ
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր կառավարության նիստի ժամանակ գործադիրը հավանություն տվեց Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016 թվականի ծրագրին:

Նախագիծը ներկայացնող ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ այս տարի ավելի ընդգրկուն է լինելու ծրագիրը, քանի որ բյուջեն ավելացնելու արդյունքում աշխարհի 40 երկրից 1100-ից ավելի երիտասարդներ են մասնակցելու:
 
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նույն երիտասարդը կարող է երկրորդ անգամ մասնակցել ծրագրին, իսկ Հրանուշ Հակոբյանն ասաց, որ կրկնվել չի թույլատրվում:

Նշենք, որ 2015 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է շուրջ 1103 սփյուռքահայ երիտասարդ աշխարհի 40 երկրից:  Ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ընթացքում սփյուռքահայ երիտասարդների համար կազմակերպվել են ուսուցողական ծրագրեր, հայրենագիտության ինտերակտիվ դասընթացներ` հանրապետության հմուտ մանկավարժների կողմից, հայկական պարերի դասընթացներ, մշակութային ծրագրեր` այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, մասնակցություն կունենան մի շարք համահայկական ծրագրերի,  ճանաչողական հանդիպում-այցելություններ` հանդիպումներ ՀՀ պետական բուհերում, զորամասերում, գիտության, մշակույթի, սպորտի հայտնի անհատների հետ, hրաժեշտի միջոցառումներ,  որոնց ժամանակ ծրագրի մասնակիցները հանդիպել են ՀՀ պաշտոնատար այրերի հետ:-0-