Փաշինյանը բացատրել է, թե ովքեր և ինչու են հիասթափված (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/Նովոստի-Արմենիա/․ Երկուշաբթի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց շարունակել ուղիղ հեռարձակման ընթացքում հասարակության մեջ առկա խնդիրների թեման: Այս անգամ նա որոշեց կենտրոնանալ խմբերի վրա, որոնք հիասթափված են հեղափոխության արդյունքից:
Նախկին կառավարության ներկայացուցիչներ
«Եթե մենք հետ գնանք և ընդհանուր նրանց ասելիքը ձևակերպենք, ապա սկսած 2018 թվականի մայիսից, նրանց ներքին ասածի ենթատեքստն այն է, որ այս հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի և ամեն ինչ կվերադառնա իր նախկին տեղը։ Նրանք էլ մեր երբեմնի ընդդիմության նման անցել են թեժ աշուն, թեժ գարուն, թեժ ձմեռ տրամաբանության մեջ, բայց նրանց հիմնական ասելիքը եղել է՝ հեսա մի ամսից, երկու ամսից ամեն ինչ լավ է լինելու։ Բայց ինչպես տեսնում եք՝ 2 տարին լրացել է և հորիզոնում չի երևում որևէ բան, որ կարող է արդարացնել նրանց հույսերը»,- ասաց վարչապետը։
Դժգոհողների հաջորդ խումբը, ըստ նրա, նախկին իշխանությունների մարդիկ են, որոնք ներգրավված են տարբեր ենթակառուցվածքների, «ծառայելով անցյալի կառավարությանը»:
Նա նշեց, որ ըստ երևույթի՝ Սերժ Սարգսյանը պիտի իշխանությունը վերարտադրեր, պիտի պատրաստվեր նրա ժառանգորդի խնդիրը, ընտանիքի անդամներից որևէ մեկի «տակ» իշխանության ժառանգման համակարգ ստեղծելու խնդիրը։
Մեծ քաղաքական կրիմինալ
Փաշինյանի խոսքով՝ դրանք այն մարդիկ են, որոնք իշխանությանն ամենատարբեր առիթներով՝ ընտրությունների, քննադատներին ճնշելու ծառայություններ են մատուցել և դրա դիմաց ստացել են որոշակի արտոնություններ։ Իսկ հիմա, արդեն 2 տարի է՝ իշխանությունը ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլև ընդհանրապես կրիմինալ երևույթների դեմ պայքարում է։
«Այս մարդիկ նույնպես ավելի քանի 10 տարվա համար իրենց պլանները կառուցել են, որ պետք է մերձիշխանական կրիմինալի դերում սպասարկեն այդ ողջ օրակարգը։ Նրանք բնականաբար այսօր նույնպես հիասթափվելու պատճառ ունեն»,- ասաց Վարչապետը։
Կոռուպցիոներներ
«Մեկ այլ հիասթափված խումբ այն կոռումպացված պաշտոնյաներն են, ովքեր կարծում էին, որ մեկուկես ամիս հետո, լավ, մեկուկես տարի, կանցնի և տասնամյակներ գոյություն ունեցող պետական համակարգը կվերականգնվի, և կոռուպցիոն հոսքերը կվերականգնվեն: Բայց ոչ, այն չի վերականգնվում», - ասաց վարչապետը:
Նա, սակայն, ընդգծեց, որ դա չի նշանակում, որ հիմա կաշառք վերցնողներ չկան, պարզապես այդ կաշառք վերցնողներին հիմա բռնում են։
Քաղաքական ուժեր
Քաղաքական ուժերին վարչապետը բաժանել է 2 մասի․
«Այն քաղաքական ուժերը, որոնք նախկին քաղաքական ուժերի հետ կառուցել էին ապագա անելիքեր ևքաղաքական ընդդիմադիր ուժերի հատված, որը նույնպես հիասթափվելու շատ կոնկրետ պատճառ ունի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության արդյունքում պարզվել է, որ իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացել։
Արևմտամետներ և ռուսամետներ
Առաջինները հավատացել կամ հույս են ունեցել հայտնի շրջանակների ասածի նկատմամբ, որոնք հավաստիացրել են, թե ՀՀ-ում հեղափոխություն են արել արեւմտամետ ուժերը։ Վարչապետի պնդմամբ՝ ժամանակի ընթացքում, սակայն, հասկացել են, որ ՀՀ-ում արեւմտամետ իշխանություն չի եկել։
«Ռուսամետները մտածում էին, կա՛մ, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա մեր իշխանության գոյությունը Հայաստանում, կա՛մ մտածում էին, որ ՀՀ-ի իշխանությունն այնքան մարիոնետային կդառնա, որ ստիպված կլինի դաշտը բացել և զիջել կամ կիսել իշխանությունը ռուսամետների հետ»,- ասաց Փաշինյանը։
Նախկին օլիգարխիա
Փաշինյանը շեշտեց, որ այսօր իշխանությունը մեծահարուստներին ոչ մի հարցով չի դիմում, միայն մի հարցով, որ ասում է՝ օրինական գործունեություն ծավալեք։ «Եվ երբ չի դիմում, կոմպրոմիսների, առևտուրների որևէ անհրաժեշտություն չունի»,- ասաց Փաշինյանը՝ հիմնավորելով այս խմբի մարդկանց հիասթափության օբյեկտիվ պատճառները։
Լրատվամիջոցների խնդիրները
Վարչապետի համոզմամբ՝ ակնհայտորեն լրատվամիջոցների մի շատ մեծ մասը շարունակում է ֆինանսավորվել նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ հասկանում են, որ այդ իրավիճակը երկար չի տեւևելու, քանի որ այդ նախկին իշխանության ներկայացուցիչները շուտով փող չեն ունենալու։
Հոգևորականներ
«Այս կետի մարդկանց մասին մտածում էի՝ ասել, թե՞ չասել, բայց քանի որ խոսակցություն է բացվել, նախընտրեցի շեշտել նաև այս խմբին»,- ասել է Փաշինյանը
Նրա համոզմամբ՝ ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում ՀՀ-ում հոգեւոր կյանքի սակավությունը։
Սփյուռքի կառույցներ
Ըստ Փաշինյանի՝ մի շարք կառույցներ բավականին երկար ժամանակ եղել են միջնորդ Հայաստանի կառավարության և սփյուռքի խոսակցության միջև։
«Այսօր այդ երևույթը փոխվում է, որովհետև չկա բաժանում։ 30-40 տարի առաջ սփյուռքի 90 տոկոսը կապված էր այս կամ այն սփյուռքյան կազմակերպության հետ։ Հիմա հակառակն է․ սփյուռքի 10 տոկոսն է այդ կազմակերպությունների մեջ»,- ասել է նա։
Նյութական ակնկալիքով հեղափոխությանը միացած մարդիկ
«Կոնկրետ մարդկանց օրինակներ կան, որ տնով-տեղով եկել ներգրավվել են քայլարշավի մեջ, հեղափոխությունից հետո տարբեր առաջարկներ են արել, ուզել են աշխատել իքս պաշտոնում, իգրեկ պաշտոնում, օբյեկտիվ պատճառներով մերժում են ստացել և մի շաբաթ անց հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է «ընկերներին և հարազատներին», Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին արդյունավետ է ուժը, որը կարող է սահմանափակել իր ընկերներին, հարազատներին և բարեկամներին:
Ամփոփում
Նրա խոսքով՝ այստեղ կա 1-2 կետ, որ իրեն իրոք պետք է հուզի և պետք է դրանով զբաղվել։ Մասնավորապես՝ Հայաստանում խոսքի ազատության հիմնահարցերի լուծումը, սփյուռքի հետ կապված խնդրների լուծումը, եկեղեցի-պետություն հարաբերությունների հետ կապված խնդիրների լուծումը։
«Իսկ մնացածների հիասթափությունը, անկեղծ ասած, ինձ ոչ հուզում է, ոչ՝ հետաքրքրում։ Այս հիասթափությունների աղբյուրները հեղափոխության հաջողության վկայությունն են»,- ասաց վարչապետը:-0-