Նոր կորոնավիրուսի սպառնալիքը Հայաստանի համար. տարածման հավանականություն և սահմանների պաշտպանություն

23.01.2020, 21:15
Նոր կորոնավիրուսի սպառնալիքը Հայաստանի համար. տարածման հավանականություն և սահմանների պաշտպանություն
Նոր կորոնավիրուսի սպառնալիքը Հայաստանի համար. տարածման հավանականություն և սահմանների պաշտպանություն

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանում նոր կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22–ին արտակարգ նիստ է հրավիրել Ժնևում։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, հունվարի 22–ի դրությամբ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերը հասել են 440–ի, 9 մարդ մահացել է։ Ընդ որում, նշվում է, որ վարակված մարդկանց թիվն իրականում ավելի մեծ է, քան փաստում են պաշտոնական տվյալները։ Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Ինֆեկցիոն հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալների համաձայն, իրականում կորոնավիրուսով վարակվել է մոտ 1700 մարդ։

Կորոնավիրուսի ախտանիշները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի ախտանիշները նման են այլ վիրուսային հիվանդությունների ախտանիշներին։ Տարբերությունն այն է, որ կարճ ժամանակում ձևավորվում է թոքային ինֆիլտրատ։ Նա հիշեցրեց, որ ԱՀԿ–ն խորհուրդ է տալիս զգույշ լինել վարակված մարդկանց հետ, հատկապես նրանց, ովքեր նոր են վերադարձել ռիսկային գոտում գտնվող երկրներից։

«Գրիպի ախտանիշների առաջացման դեպքում այդ մարդիկ պետք է անպայման դիմեն բուժօգնության` պարտադիր նշելով, թե որ երկրում են եղել», – ասաց նա։ 

Կարո՞ղ է, արդյոք, կորոնավիրուսը ներթափանցել Հայաստան

Թորոսյանը հայտարարեց, որ Հայաստանը մյուս երկրների նման սպասում է կորոնավիրուսի հարցով ԱՀԿ–ի պաշտոնական որոշմանը, ինչից հետո արդեն հնարավոր կլինի ձեռնարկել համապատասխան միջոցառումներ։

Նա ընդգծեց, որ այսօրվա դրությամբ ոչ մի երկիր, բացի Չինաստանից, չի կարող ախտորոշել այս հիվանդությունը։ Նրա խոսքով, Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ երկրների հետ, դիմել է նաև ԱՀԿ ռեագենտներ ստանալու հարցով։

«Ոչ մի երկիր ապահովագրված չէ հիվանդության ներթափանցումից` հաշվի առնելով մարդկանց ակտիվ տեղաշարժը։ Ամեն դեպքում տեսնենք, թե ինչ կասի ԱՀԿ–ն, և ելնելով դրանից` կգործենք», – նշեց նա։

Ինչպե՞ս են կորոնավիրուսի ներթափանցմանը հետևում ՀՀ սահմաններում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախօրեին ԱԺ–ում կառավարության անդամների հարց ու պատասխանի ընթացքում նշեց, որ սահմանում տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում։ Նա հիշեցրեց, որ Չինաստանից դուրս ԱՄՆ-ում է մեկ դեպք արձանագրվել։ Նախարարը նաև ընդգծեց, որ Հայաստանում արձանագրված դեպքեր չկան։ Նրա խոսքով, հատուկ բուժման կարիք չկա, այն իրականացվում է այնպես, ինչպես այլ վիրուսային հիվանդությունների դեպքում։

ՀՀ ԱՆ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց, որ Հայաստան կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով կարգավորիչը հաշվի է առնում բոլոր տարանցիկ ուղիները, որոնցով հնարավոր է ուղևորահոսք Չինաստանից Հայաստան։

Նա տեղեկացրեց, որ հսկողություն է իրականացվում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակում գտնվող երկրներից Հայաստան ժամանող ուղևորների նկատմամբ։ Գրանցվում են նրանց բնակության հասցեները` վերահսկողություն իրականացնելու համար։

Եղիազարյանը նաև տեղեկացրեց, որ բարձր ջերմության առկայության դեպքում քաղաքացին, ով հատում է սահմանը, անցնում է զննում։ Ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ այլ կլինիկական ախտանիշների հայտնաբերման դեպքում նրան մեկուսացնում են` անձնակազմի և մյուս ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Քաղաքացու տվյալները փոխանցվում են պոլիկլինիկա` հետագայում նրա վիճակը վերահսկելու համար։

Իսկ ի՞նչ վիճակ է Վրաստանում

Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման իրական ռիսկ գրեթե չկա։ Երկիրը գործում է առողջապահության միջազգային կանոններին համաձայն և չի ստացել խորհուրդներ և առաջարկներ Չինաստան ուղևորվելու սահմանափակումների կամ Չինաստանի հետ առևտուր իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է 1tv.ge–ն։

Հիվանդության պատմությունը. վարակի օջախներն ու մահացու դեպքերը

Դեկտեմբերի Չինաստանի Ուխան քաղաքում արձանագրվել է թոքաբորբի բռնկում։ Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը կորոնավիրուսի տեսակն է, որն ավելի վաղ հայտնի չի եղել։ Վիրուսի տարածման էպիկենտրոնը Ուխանն է, սակայն հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Թայլանդում և Ճապոնիայում։ Չինաստանի իշխանությունները մտավախություն ունեն, որ համաճարակը կարող է ավելի շատ տարածվել։

Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերի պետական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ թոքաբորբի նոր տեսակը փոխանցվում է մարդուց մարդուն։ Հիվանդության տարածման վտանգը մեծանում է երկրների միջև լայն տրանսպորտային հաղորդակցության պատճառով։–0–