Կրքեր Նժդեհի շուրջ. Արմավիրի հայկական եկեղեցու հուշատախտակն ապամոնտաժվել է, ժամանակավո՞ր

01.12.2019, 20:35
Կրքեր Նժդեհի շուրջ. Արմավիրի հայկական եկեղեցու հուշատախտակն ապամոնտաժվել է, ժամանակավո՞ր
Կրքեր Նժդեհի շուրջ. Արմավիրի հայկական եկեղեցու հուշատախտակն ապամոնտաժվել է, ժամանակավո՞ր
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհի շուրջ բորբոքված կրքերը դեռ չեն հանդարտվում։ Նախօրեին մի շարք ԶԼՄ–ներ, հղում անելով Տեր ավագ քահանա Մակար Տերտերյանի նամակին, հաղորդեցին, որ Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակն ապամոնտաժվել է։ Սակայն դրան նախորդել էր վանդալիզմի ակտ և քննարկում ամենաբարձր մակարդակում։

Վանդալիզմի ակտ

Նոյեմբերի 13–ին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում ԶԼՄ–ներում  հրապարակված տեղեկատվությունից հետո, որը վերաբերում էր Արմավիրի Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գրանցված միջադեպին։ Մի շարք  լրատվամիջոցների հաղորդմամբ, Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներխուժել է եկեղեցու տարածք և սև ներկով ներկել է ՀՀ ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հայտարարեց, որ «Արմավիրի Դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական ակտին»։

Փաշինյանի հայտարարությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 19–ին ռուսական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ պետական գործիչ Գարեգին Նժդեհի թեմային։

Վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, որ Գարեգին Նժդեհի անունը հիշատակվում է հայկական պատմության մեջ Սարդարադապատի ճակատամարտի ժամանակաշրջանից, որի արդյունքում 1918թ.–ին ստեղծվեց Առաջին հայկական հանրապետությունը։ Մեկնաբանելով խոսակցություններն այն մասին, թե Գարեգին Նժդեհը «ինչ–որ կապեր ուներ Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ»` Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հետո ի՞նչ, Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոտոլտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»։

Ալիևի մեղադրանքները

Հոկտեմբերի 11–ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, թե իբր Հայաստանում հերոսացվել է նացիզմը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75–ամյակի նախաշեմին։ Ալիևը հայտարարել է, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես, Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, որտեղ նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում 2016 թվականին կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Տեր–Հարությունյանի (Նժդեհ) հուշարձանը, և այդ արձանը շարունակում է կանգուն մնալ նաև այսօր: Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ», նշելով, որ Հայրենական մեծ պատերազմի վետերանները բազմիցս իրենց դժգոհությունն են արտահայտել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների այդ քայլից, և այդ փաստը նույնիսկ տեղ է գտել ՌԴ ԱԳՆ զեկույցներից մեկում։

«Ես անպատեհ եմ համարում պատմությունը խեղաթյուրելու փորձերը, որոշակի լարվածություն մտցնելու այս կարևոր նիստում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախևառաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են», – հայտարարել է Փաշինյանը։

Ապամոնտաժումը ժամանակավո՞ր է

Միաժամանակ «Հայկական ժամանակը», հղում անելով Արմավիրի հայկական համայնքի ղեկավարին, հաղորդել է, որ հուշատախտակը հեռացվել է ժամանակավորապես՝ վերանորոգելու նպատակով, քանի որ առանց արվեստանոց տեղափոխելու այն հնարավոր չի եղել նախկին տեսքին վերադարձնել: Նրա խոսքով, հայկական համայնքը կդիմի Արմավիրի իշխանություներին` հուշատախտակի տեղադրման թույլտվություն ստանալու նպատակով։

Գարեգին Նժդեհի մասին

Գարեգին Նժդեհը (ի ծնե՝ Գարեգին Տեր-Հարությունյան (1886-1955 թթ.) ռազմաքաղաքական, պետական գործիչ է, փիլիսոփա, իմաստասեր, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից։ -0-