437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը

14:48
27 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և դրա մասշտաբները ցույց են տալիս, որ «հարևանների» ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն մի քանի տարի պարզապես շփոթության մեջ էր գցում աշխարհին` պատրաստվելով հարցը լուծել ռազմական ճանապարհով։

Ձախողված բլիցկրիգ

Սեպտեմբերի 27–ին վաղ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը փորձեցին հյուսիսից և հարավից հասցված երկու հարվածներով ճեղքել Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական գծերն ու ներթափանցել հանրապետության խորքը։

Չնայած առաջին օրերի ընթացքում փողային և ռեակտիվ հրետանու, զրահատեխնիկայի, ԱԹՍ–ների և ավիացիայի զանգվածային կիրառմանը, հակառակորդի հաջողությունները, մեղմ ասած, համեստ էին։ Հարձակման տեմպերն անհամաչափ էին մարտի նետված ուժերի և միջոցների քանակին, ինչը հանգեցրեց կարճաժամկետ ընդմիջման հոկտեմբերի սկզբին։

Ադրբեջանի Զինված ուժերը, գիտակցելով,որ անհնար է շարունակել հարձակումը երկու ուղղություններով, ուժերը հյուսիսային ուղղությունից տեղափոխեցին հարավային և բերեցին ռեզերվային ուժեր` հարձակումը շարունակելու համար։ Բացի այդ, ակտիվորեն մարտի նետվեցին հազարավոր վարձկաններ և ահաբեկիչներ, որոնք տարածաշրջան են բերվել Թուրքիայի կողմից։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, այս քայլերով հակառակորդն արցախյան ռազմաճակատի որոշ հատվածներում ապահովեց թվաքանակով 12 անգամ ավելի շատ գերակայություն։

Հակառակորդի քանակական գերակայությունը, ինչպես նաև օդային առավելությունը թույլ տվեցին նրան ճեղքել պաշտպանական գիծը, և հոկտեմբերի 20–ին մարտերը մղվում էին Իշխանաձոր–Կովսական–Միջնավան հատվածում։ Սակայն հենց այդ օրը Արցախի պաշտպանության զորքերը դիմեցին հակահարձակման Խուդաֆերինի մոտակայքում և ստիպեցին հակառակորդին նահանջել մի շարք հատվածներում։

Դրանից հետո ադրբեջանական ԶՈւ–ի հարձակողական տեմպը «խեղդվեց» և այսօրվա դրությամբ մարտերն ընթանում են Իշխանաձորի և Սանասարի հյուսիսի (Կուբաթլու) մոտակայքում։

Միաժամանակ, հարավ–արևելյան ուղղությամբ գտնվող բնակավայրեր են ներթափանցում դիվերսիոն–հետախուզական խմբեր` փորձելով խառնաշփոթ առաջացնել Արցախի Պաշտպանության բանակի շարքերում և ստեղծելով քարոզչական նյութեր սեփական բնակչության համար։

Պատերազմը դադարեցնելու երեք ձախողված փորձ

Ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվացավ նաև քաղաքական գործունեությունը, որի արդյունքում բազմաթիվ երկրներ կոչ արեցին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Թերևս, աշխարհում չմնաց երկիր, որտեղ հայ համայնքն իր աջակցությունը չհայտնեց հայրենակիցներին։.   

Անիմաստ է թվարկել բոլոր երկրներն ու կազմակերպությունները։ Նրանց թիվը հակառակ համեմատական է նրանց արտահայտություններից ստացված արդյունքին։ Թուրքիայի կողմից հրահրվող Ադրբեջանը կրակը դադարեցնելու համար առաջադրում է ակնհայտ անընդունելի ուլտիմատիվ պահանջներ` միաժամանակ փորձելով ամեն կերպ ցույց տալ, թե ցանկանում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ադրբեջանի և Թուրքիայի ակնհայտ ագրեսիվությունն ու ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությունը հանգեցրեցին նրան, որ սկսեցին հաճախ հնչել կրակի դադարեցման հասցեական պահանջներ։

Այս ամբողջ ընթացքում մեծ աշխատանք իրականացրեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, որոնք կազմակերպեցին բանակցություններ կրակի դադարեցման և հումանիտար հրադադարի հաստատման ռեժիմի շուրջ հոկտեմբերի 10–ին Մոսկվայում, հոկտեմբերի 17–ին `Փարիզում և հոկտեմբերի 26–ին` Վաշինգտոնում։ Հանդիպումներն անցկացվում էին ԱԳ նախարարների մակարդակով, և նրանց արդյունքում հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն։

Ցավոք, այդ պայմանավորվածությունները որևէ արդյունք չտվեցին։ Ամեն անգամ, պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց հետո մի քանի ժամ, իսկ երբեմն նաև մի քանի րոպե անց Ադրբեջանը վերսկսում էր ռազմական գործողություններն ու Արցախի բնակավայրերի հրետակոծությունը։

Էրդողանի անսահման քաղաքական հավակնությունները

Պատերազմը դեռ չէր հասցրել սկսել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ աջակցում է Ադրբեջանին։ Թվում է, թե դաշնակցի սովորական հայտարարություն է, սակայն կային մի շարք «բայց»–եր. հենց թուրք մասնագետներն են ղեեկավարում Ադրբեջանի ԶՈւ–ի օպերացիաները, Թուրքիայի հատուկջոկատայիններն են մասնակցում մարտերին, և հենց Թուրքիան է ահաբեկիչներին տեղափոխել տարածաշրջան։

Սակայն այս բոլորը ծաղիկներ են թուրք առաջնորդի հայտարարությունների ֆոնին, որոնք վերաբերում են տարածաշրջանում իր ազդեցության ուժեղացմանը։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անհնար է ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակում և անհնար է հասնել խաղաղության առանց Թուրքիայի միջամտության։

Այս ամենը վկայում է այն մասին, որ պատերազմն Ադրբեջանի ձեռքերով սանձազերծել է Էրդողանը, որը ձգտում է իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում։ Այս ամենի վառ ապացույցն է այն, որ իրավիճակը կարգավորելու առաջին զանգերը կատարվում էին ոչ թե Բաքու, այլ Էրդողանին։

Այդ մասին են վկայում նաև տապալված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում, Փարիզում և Վաշինգտոնում։ Այս դեպքում հնարավոր է երկու տարբերակ. կամ Ալիևը կորցրել է երկրի նկատմամբ վերահսկողությունը, և գործողությունները թելադրվում են Անկարայից, կամ պաշտոնական Բաքուն իրեն այնքան վստահ է զգում, որ կարող է դեմ գնալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։

Այս իրավիճակում քիչ թե շատ պարզ է մի բան. միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգը վերջնականապես խախտվել է։ Միջազգային կազմակերպությունները, կառույցներն ու անգամ այնպիսի պետությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն, ի վիճակի չեն որոշ քաղաքական գործիչների հավակնությունների դեմն առնել։

Գլոբալիզացման գործընթացը հետ է շրջվել։ Ազգային շահը, անձնական օգուտը դարձել են արտաքին քաղաքականության հիմնաքարը։ «Համամարդկային արժեքների» պատրանքը ցրվել է, և բոլոր երկրները պետք է գիտակցեն, որ իրենց քաղաքական–տնտեսական անկախության և անվտանգության հարցերը միայն իրենց սեփական հարցերն են։ Ոչ ոք այլևս ոչ մեկին չի պաշտպանելու։

Հայաստանն ու Արցախը հիմա քաղում են այդ դասերը պատերազմի պայմաններում։ Դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ քաղաքական ճակատը պետք է թողնել բախտի քմահաճույքին։ Սակայն հետագա բոլոր քայլերի պլանավորումը պետք է հիմնվի բացառապես սեփական ուժերի և ռեսուրսների վրա։

Նախնական ռազմական արդյունքները

Առաջին օրերի անհաջող հարձակումներից հետո հյուսիսային ուղղությունը մնում է կայունության օրինակ։ Հակառակորդն առաջ չի շարժվել։ Լեռնային տեղանքը թույլ չի տալիս հակառակորդին մարտի գցել խոշոր քանակի տեխնիկա և իրացնել մարդկային գերակայությունը, ինչից և պետք է օգտվեն հայ զինծառայողները։

Ավելի բարդ իրավիճակ է հարավում։ Հարավ–արևելյան ուղղությամբ դիվերսիոն–հետախուզական խմբերի ներթափանցումը, բացի քարոզչական նպատակներից, ունի նաև գործնական խնդիր։ Հակառակորդի ստորաբաժանումներն ամեն անգամ դիտարկում են պաշտպանական կառույցները` փորձելով գտնել թույլ տեղեր զանգվածային հարձակում իրականացնելու համար։ Հարավ–արևելքից Կարմիր շուկայի միջով ճանապարհն ուղիղ տանում է դեպի Շուշի, որը ռազմավարական նշանակություն ունի, այն այս ուղղությամբ իրականացվող մարտերի հիմնական թիրախն է։

Դրա համար այստեղ հիմնական խնդիրն է առավելագույնս հարթել հնարավոր խոցելի տեղերն ու ոչնչացնել դիվերսիոն խմբերը` պատճառելով մաքսիմալ կորուստներ։

Այդուհանդերձ, ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ, ինչպես պատկերացնում են Ադրբեջանի իշխանությունները։ Նրանց հաջողվեց ճեղքել հարավային ուղղությունը, սակայն ռազմաճակատը չի ճեղքվել, Արցախի Պաշտպանության Բանակին հաջողվել է կազմակերպված նահանջել։ Բացի այդ, բոլոր հաջողություններն արձանագրվել են հարթ, դաշտային տեղանքում, որտեղ ավելի հեշտ է իրացնել մարդկային ու տեխնիկական առավելությունը։ Սակայն հետագայում հակառակորդը ստիպված կլինի կռվել նախալեռնային և լեռնային տեղանքում, իսկ հյուսիսում մղված մարտերը ցույց տվեցին, որ դրանք շատ են տարբերվում հարավում մղվող մարտերից։

Եթե անգամ «մի աչքով» նայենք քարտեզին, կհասկանանք, որ ադրբեջանական զորքի հաղորդակցությունը շատ ձգված է, հատկապես դա վտանգավոր է Սանասարի մոտ գտնվող խմբավորման համար, որի խնդիրն է Բերձորի և Լաչինի միջանցքի գրավումը։ Դա հնարավորություն է տալիս Արցախի Պաշտպանության բանակին հակահարվածներով կանխել հակառակորդի գործունեությունը ռազմաճակատի լայն հատվածում։

Ըստ ՀՀ ՊՆ–ի հրապարակած քարտեզի, Բերձոր շարժվող հակառակորդի խմբավորումն առավելագույն ջանքեր է գործադրում ոչ մեծ հատվածում, ինչը հղի է «կրակային շրջափակման» մեջ հայտնվելու սպառնալիքով։

Ավելին, ադրբեջանական բանակի առաջխաղացման երաշխիքներն են քանակական առավելությունն ու գերազանցությունն օդում։ Սակայն հակառակորդի զորքը կրել է բազմաթիվ կորուստներ, և անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր, որոնք պետք է տեղափոխվեն ձգվող բնագծերով։ Դա լավ հնարավորություն է Արցախի Պաշտպանության Բանակի համար` նախօրոք բռնելու հակառակորդի ուժերը։

Ինչ վերաբերում է օդին, խոսուն վկայություն է խոցված ԱԹՍ–ների քանակը, այդ թվում` թուրքական Bayraktar խոշոր հետախուզական–հարվածային անօդաչուների խոցումը։ Պատերազմի վարման ժամանակակից միջոցների հակազդման համակարգը հարթվում է պրակտիկայում և շուտով կտա իր արդյունքները։

Այսպիսով, առաջին ամսվա արդյունքում կարելի է միանշանակ պնդել, որ բլիցկրիգը տապալվել է։ Բարդ լանդշաֆտը, մոտալուտ ձմեռը, մեր զինծառայողների և հրամանատարական կազմի տոկունությունն ու խիզախությունը կարող են իսկապես ազդել իրադարձությունների ընթացքի վրա։ Արցախի Պաշտպանության բանակը հաստատակամ է իր հաղթանակում և չի զիջի ոչ մի թիզ հող։–0–

Միխայիլ Մելքոնյան, քաղաքագետ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը