Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

25.02.2021, 14:17
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Խեղված ճակատագրեր, զոհված զինծառայողներ, զոհեր խաղաղ բնակչության շրջանում, որբացած երեխաներ. արցախցիների համար սրանք լոկ բառեր չեն։ Արդեն երեք տասնամյակ Արցախի հողը կարոտ է հանգիստ ու հանդարտ կյանքին։ Մարդիկ, կարծես, սովորել են ապրել անորոշության և Ադրբեջանի կողմից նոր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում, որի ականատեսը դարձանք 2020թ.–ի աշնանը։

Եվ կրկին հայրենի հողերից լցվեցին փախստականներ, որոնց նախնիները դարեր շարունակ ապրել են այդ հողերում։

Վերջին ռազմական գործողությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով, Արցախից հեռացել է մոտ 100 հազար բնակիչ, որոնց ճնշող մեծամասնությունը պատերազմի ավարտից հետո վերադարձել է իրենց տները։

Սակայն մոտ 40 հազար մարդ դեռ անօթևան է, ընդ որում նրանց մի մասը բնակվել է Արցախի այն շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ և դժվար թե տեսանելի ապագայում կարողանան վերադառնալ իրենց տները։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցն այցելել է հադրութցի հինգ փախստական ընտանիքների, ովքեր ստիպված բնակություն են հաստատել Հայաստանում։ Նրանցից ոմանք երազում են վերադառնալ հայրենի տուն, ոմանք փորձում են նոր կյանք սկսել։

Խիզախ զինվորն ու լավագույն ընկերը

 - рис.1

Մեր զրուցակիցը 49–ամյա Աննա Մնացականյանն է։ Նրա կրտսեր որդին` Սամվել Մնացականյանը, զոհվել է թշնամու ԱԹՍ–ի հարվածի հետևանքով։ Նա ընդամենը 19 տարեկան էր։

Աննայի ընտանիքը մեծ է`9 մարդ, տատիկն ու պապիկը 84 տարեկան են։ Ընտանիքում կա երեք քույր, ավագն Աննան է, ով ունի երկու զավակ, կրտսեր քույրը ևս կորցրել է որդուն պատերազմի ժամանակ։

Աննա պատմում է, որ սկզբում Սամվելն ականանետի նշանառու էր, իսկ նահանջելու հրահանգից հետո զենքը ձեռքին կռվել է անտառներում։ Սամվեը շատ խիզախ էր, միշտ պատրաստ ճնշել հակառակորդին, մինչև պատերազմը զբաղվել է ըմբշամարտով, շատ է մարզվել, պարգևատրվել է պատվոգրերով և մեդալով։

Մայրը հիշում է, որ որդին երբեք չէր խոսում պատերազմի դժվարությունների, վտանգի մասին, հակառակը` նրա հետ միշտ խոսել է զվարթ ձայնով, ամեն կերպ փորձել է հանգստացնել։

«Հոկտեմբերի 30–ին ստացանք տեղեկություն, որն աղոթում էի երբեք չլսել։ Բայց, ավաղ, մեզ ասացին, որ զինվորներ տեղափոխող մեքենան հայտնվել է անօդաչուի հարվածի տակ։ Մի ակնթարթում կորցրեցի կրտսեր որդուս։ Նա մեր հերոսն է, նա զոհվել է ոչ թե թշնամու ձեռքից, այլ զենքի, որի դեմ ոչինչ չէր կարող անել», – պատմում է Աննան`արցունքն աչքերին։

Թաղման արարողությունից չորս օր անց ընտանիքի հետ կապվեց ոմն Սիմոնը, ով ասաց, որ իրենց որդու մարտական ընկերն է և կցանկանար տեսնվել։

«Երբ նա եկավ, երկար պատմում էր Սամվելի մասին, այն մասին, թե ինչպես է վիրավորվել, և Սամվելն արել է ամեն ինչ, որպեսզի իրեն անհապաղ տեղափոխեն հիվանդանոց։ Հետո Սիմոնը շատ էր մեզ այցելում և այդպես ինչ–որ ձևով լրացնում էր մեր տղայի կորուստը», – պատմում է Աննան։

Զոհված ընկերոջ հիշատակին Սիմոնը գերեզմանաքար է տեղադրել։

«Սիմոնն ասում էր, որ Սամվելն իր համար եղբոր նման է, և միայն նա է օգնել իրեն վերադառնալ Երևան», – պատմում է զոհված զինծառայողի մայրը։

Արցախից տեղափոխվելով Երևան` Մնացականյանների ընտանիքը սկզբում բնակություն է հաստատել մեկ սենյականոց բնակարանում։ Քնում էին հատակին, քանի որ մահճակալ չկար։ Հետո նրանց մի տղամարդ օգնեց, ով բնակարան առաջարկեց պատերազմի ընթացքում։ Հիմա մեծ ընտանիքը բնակվում է 4–սենյականոց բնակարանում, որտեղ կա կահույք և այլ անհրաժեշտ իրեր։

Ապրուստի գումար վաստակելու համար կանայք թխում ու վաճառում են արցախյան քաղցրավենիք։ Այդ պատվերների շնորհիվ նրանք ստանում են փոքր եկամուտ, որի թույլ է տալիս ծայրը ծայրին հասցնել։

«Արցախ բացարձակապես չենք ուզում վերադառնալ, այնտեղ տուն չունենք, իսկ որդիս թաղված է Եռաբլուրում։ Ավելի լավ է այստեղ մնամ, որպեսզի կարողանամ այցելել որդուս գերեզմանին», – ասում է Աննան։

Առանց Հայրենիք, առանց տուն, առանց հայրիկ

 - рис.2

Սուսաննա Սարկիսովան 49 տարեկան է։ Նրա ամուսինը զոհվել է պատերազմի գրեթե վերջին օրը։ Սուսաննան դեռ երիտասարդ աղջնակ էր, երբ հեռավոր 1988թ.–ին նրա ընտանիքը Սումգայիթից տեղափոխվեց Հադրութ` փրկվելով հայկական ջարդերից։

28 տարի շարունակ Սուսաննան աշխատել է որպես երաժշտության ուսուցչուհի Հադրութի դպրոցում։ Նրա ամուսինը` Արենը, ռազմական բժիշկ էր, ավարտել է օրդինատուրան Երևանում, մասնակցել է ապրիլյան մարտական գործողություններին և արցախյան վերջին պատերազմին։

Ռազմական գործողությունների ամենաթեժ պահին Արենը մեկնեց Արցախ, որտեղ Կարմիր շուկայի շրջանում նշանակվեց բժշկական բրիգադի հրամանատար։ ԱԹՍ–ների հարվածների տակ նա մարտի դաշտից տեղափոխում էր վիրավորներին, ցուցաբերում բուժօգնություն, ջանասիրաբար աշխատում մինչև պատերազմի վերջը։ 36–ամյա Արենը զոհվեց նոյեմբերի 9–ի առավոտյան (նոյեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը ստորագրվեց պատերազմի ավարտի համաձայնագիրը, խմբգր.) թշնամու կատաղի հարձակման ժամանակ` փորձելով փրկել հերթական զինվորի կյանքը։

Սուսաննան պատմում է, որ ամուսինը հաճախ զանգում էր։ Նրանց վեցամյա որդին` Արմանը, շատ է նման հայրիկին, ուրախ և չարաճճի փոքրիկ է։

Հիմա ընտանիքը Երևանում բնակվում է վարձով։ Մեկ սենյակում բնակվում է երկու ընտանիք։

«Տեսել եմ Սումգայիթը, տեսել եմ 1992թ.–ի և 2016թ.–ի պատերազմները։ Տեսա նաև այս մեկը։ Արցախ չեմ վերադառնա։ Ցանկություն չունեմ, վստահություն չկա վաղվա օրվա մեջ», – ասում է Սուսաննան։

Ընտանիքը կորցրել է կյանքի ընթացքում ձեռք բերած ողջ ունեցվածքը, անձնական փաստաթղթերը։

Ապագա պլանների մասին Սուսաննան անորոշությամբ է խոսում. «Դեռ կմնանք այստեղ, իսկ հետո պարզ կլինի»։

Կորսված երջանկություն

 - рис.3

74–ամյա Լիդիա Մելքումյանը ծնունդով Բաքվից է։

Նրա մեծ ընտանիքը ստիպված էր հեռանալ քաղաքից 1988թ.–ի իրադարձություններից հետո (հայկական ջարդեր)։ Կրտսեր որդին այն ժամանակ 10 տարեկան էր, այդ ժամանակվա ողբերգական իրադարձություններն անուղղելի վնաս են հասցրել երեխայի հոգեվիճակին։

Երբեմնի մեծ ընտանիքի անդամները ցրվեցին տարբեր տեղեւ։ Լիդիայի միջնեկ դուստրը շուտով տեղափոխվեց Ուկրաինա։ Մնացած չորս երեխաները, Լիդիան, նրա ամուսինը` Սերգեյը, ինչպես նաև սկեսուրը, որոշեցին տեղափոխվել իրենց նախնիների հայրենիք` Հադրութ։ Երեխաները մեծացան, ընտանիք կազմեցին։ Շուտով մահացավ Լիդիայի սկեսուրը, իսկ հետո ծանր հիվանդությունից կյանքից հեռացավ նաև ամուսինը։

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ընտանիքը մնաց Հադրութում, վստահ էին, որ հայկական բանակը կհաղթի։ Նրանք բոլորը մնացին քաղաքում մինչև հոկտեմբերի 12–ը, սակայն այդ գիշեր ստիպված էին հեռանալ քաղաքից։

«Կրտսեր դուստրս զինծառայող է, մնաց ծառայելու, իսկ մենք տեղափոխվեցինք Երևան` առանց փաստաթղթերի, առանց ոչնչի։ Փաստաթղթերը, լուսանկարները, երեք տուն, այս տարիների ընթացքում ձեռք բերված ամեն ինչ մնաց օկուպացված քաղաքում», – պատմում է Լիդիան` արցունքն աչքերին։

«Երազում էի ունենալ ընտանիք, օջախ, երջանիկ կյանք, սակայն ամեն ինչ կորցրեցի։ Չեմ պատրաստվում վերադառնալ օտար քաղաք։ Դա իմը չէ, իմն արդեն չկա», – ասում է Լիդիան։

Վաղվա օրվա հույսով

 - рис.4

Ինգա Պետրոսյանը 43 տարեկան է, Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղից։

Ինգայի մեծ ընտանիքի պատմությունը ևս դրամատիկ է։ Նրա բոլոր հարազատները` 10 մարդ, մնացել են առանց աշխատանքի և անօթևան։ Հոկտեմբերի 5–ին ընտանիքը ստիպված հեռացավ գյուղի իրենց տնից` սկզբում բնակություն հաստատելով Հայաստանում` ծանոթների մոտ։ Հիմա տեղափոխվել են մեկ սենյականոց բնակարան, որտեղ ապրում են վեցով։

Այս ընտանիքից պատերազմին մասնակցել է երեք տղամարդ։ Փառք Աստծուն, նրանք բոլորը վերադարձել են, միայն նրանցից մեկը` 19–ամյա Հայկ Ղազարյանը, լուրջ վիրավորում է ստացել։ Նա կռվել է Շուշիում, որտեղ վիրավորվել է նոյեմբերի 9–ին։

Ինգայի խոսքով, որդին դեռ չի կազդուրվել և մինչ օրս բուժվում է։

Չզսպելով արցունքները` Ինգան հիշում է որդու կարևոր զանգի մասին։ Նա տեղեկացրեց, որ իր զինգրքույկը մնացել է հակառակորդի մոտ, և եթե այն ինչ–որ տեղ ցույց տան, թող չանհանգստանա և իմանա, որ նա ողջ է։ Եթե զոհվի, կկարողանան պարզել նրա ինքնությունը «աֆերիստ» գրառմամբ (երիտասարդն այս կեղծանունով խաղացել է Counter-Strike համակարգչային խաղը), որն արել է զինվորական համազգեստի հակառակ կողմում։ Հենց այդ օրն էլ երիտասարդը վիրավորվել է։

Հիշելով արցախյան կյանքի մասին` ընտանիքի անդամներն ասում են, որ այն ժամանակ վստահ էին վաղվա օրվա մեջ, իսկ այսօր ամեն ինչ մշուշոտ է։

«Միայն ID քարտեր են տվել, մնացած փաստաթղթերի վերականգնումը ձգձգվում է։ Մեր ամբողջ գումարը, փաստաթղթերը, արժեքավոր իրերը, 40 գլուխ անասուն, մեքենա, տուն, ամեն ինչ մնաց այնտեղ, հիմա մեր ընտանիքը ոչինչ չունի։ Ամեն ինչ հօդս ցնդեց», – պատմում է Ինգան։

Կինն ու նրա հարազատները, այնուամենայնիվ, փորձում են լիահույս լինել, որ ապագայում, միգուցե, ամեն ինչ կկարգավորվի։

Հրաշք փրկություն

 - рис.5

40–ամյա Արմինե Դադաշյանն ու իր երեք երեխաները գիշերը ստիպված են եղել փախնել տնից։

Հիշում են այդ անհանգիստ առավոտը, երբ Արմինեի ընտանիքը սկսեց արագ–արագ հավաքել իրերը` փորձելով հեռանալ տնից` թշնամու կրակոցներից փրկվելու համար։ Երեք տարեկան որդին և երկու անչափահաս աղջիկները մայրիկի հետ մինչև մութն ընկնելը թաքնվել են նկուղում, որտեղ քիչ թե շատ անվտանգ էր։

Հետո ընտանիքն արագ տեղափոխվեց մոտակայքում գտնվող Վանք գյուղը, այնտեղից` Հին Թաղեր, որտեղ ծանոթները գիշերելու տեղ տվեցին Արմինեին` երեխաների հետ և նրա ևս չորս հարազատներին։

Սեպտեմբերի 30–ին նրանց հաջողվել է տեղափոխվել Երևան, որտեղ անծանոթ մի աղջիկ բնակարան է տրամադրել մի քանի օրով։

Հիմա 7 հոգանոց ընտանիքը` Արմինեն` երեխաների և ամուսնու` Նվերի հետ, ինչպես նաև Նվերի ծնողները, բնակվում են վարձով` մեկ սենյականոց բնակարանում։ Սկեսուրն ու սկեսրայրը թոշակառուներ են, Արմինեի ամուսինը երկրորդ խմբի հաշմանդամ է, և նրա համար շատ դժվար է աշխատանք գտնել։

Պատերազմի առաջին իսկ օրերից Նվերը մասնակցել է ռազմական գործողություններին, ոտքի վիրավորում է ստացել, որի հետևանքները մինչև հիմա չեն անցել։

Արմինեն պատմում է, որ Նվերը մասնակցել է 1992թ.–ի պատերազմին, այն ժամանակ 17 տարեկան էր։ Թոքերից մեկը հեռացված է, երկրորդում բեկոր կա, ևս 12 բեկոր կա ոտքում։ Հեռացված է Նվերի աղիների մի մասը։

«Նրա ամբողջ մարմինը բեկորների մեջ է` քարտեզի նման», – նշում է Արմինեի սկեսուրը։

Արմինեի կրտսեր դուստրը 11 տարեկան է, հոգեբանի կարիք ունի, աղջնակի հոգեկանը դժվար է հաղթահարում պատերազմի դժվարությունները։ Բարեբախտաբար, ավագ դուստրն ու երեք տարեկան որդին համեմատաբար հեշտ են տարել սարսափելի գնդակոծությունները։

Ընտանիքն ընդհանրապես չի ուզում վերադառնալ Արցախ։ Ասում են` կվերադառնան, եթե վերադարձվի Հադրութն ու իրենց հայրենի տունը։–0–