Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր

18.11.2020, 16:53
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում սրընթաց զարգանում են, և միշտ չէ, որ օգտատերերը հասցնում են զարգացման տեմպերին։ Շատերն, անկասկած, լսել են VPN (Virtual private network - վիրտուալ մասնավոր ցանց) տեխնոլոգիայի մասին, որը վերջին շրջանում դառնում է ավելի ու ավելի տարածված։ Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը կպատասխանի այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին։

Ի՞նչ է VPN–ը

 - рис.1

Եթե հարցին մոտենանք գիտական տեսակետից, ապա VPN–ը (virtual private network, վիրտուալ մասնավոր ցանց) ծառայություն է, որը թույլ է տալիս միանալ ինտերնետին ծածկագրված թունելի միջոցով` համացանցում գործողությունների գաղտնիությունն ապահովելու և օգտատերերի «զգայուն» տվյալները պաշտպանելու համար։ Օրինակ, երբ մուտք եք գործում ինտերնետ, սկզբից միանում եք ձեր ինտերնետ փրովայդերին, որը տեղափոխում է ձեր ուզած կայք կամ տանում է մուտքագրված հղումով։ Քանի որ ձեր ամբողջ թրաֆիկն անցնում է փրովայդերի սերվերի միջով, ապա նա կարող է տեսնել և գրանցել ձեր բոլոր գործողություններն ինտերնետում, ձեր այցելած կայքերը, ինտերնետում անցկացրած ժամանակը, ձեր նախասիրություններն ու որոնումները։

Մի խոսքով, փրովայդերը ֆիքսում է ձեր բոլոր գործողությունները, իսկ հետո կարող է դրանք օգտագործել, օրինակ, գովազդի կամ ինչ–որ մեկին փոխանցելու համար։ VPN–նն էլ ստեղծվել է հենց նրանց համար, ովքեր չեն ուզում «կիսվել» սեփական տվյալներով։ VPN–ը թույլ է տալիս ձեր ինտերնետ թրաֆիկը ուղորդել հատուկ կարգավորված հեռահար սերվերով։ Փաստորեն, VPN–ը թաքցնում է ձեր իրական IP հասցեն և գաղտնագրում է բոլոր մուտքային և ելքային տվյալները, որոնք անհնար է կարդալ։

Ինչու՞ են օգտվում VPN–ից

 - рис.2

VPN–ն օգնում է թաքցնել ձեր իրական IP հասցեն և ապահովում է բրաուզերում վեբ կայքի անանուն դիտում։ Այսօր գրեթե բոլոր կայքերը հետևում և ինֆորմացիա են հավաքում ձեր մասին, ֆիքսում են ձեր գտնվելու վայրը, ինտերնետում անցկացրած ժամանակը, հետաքրքրությունները և այլն, այդ թվում` անձնական ինֆորմացիան։ VPN–ն ապահովում է համացանցում աշխատանքի գաղտնիություն, թույլ է տալիս խուսափել բնակության քաղաքի և երկրի մասին տեղեկություններ տրամադրելուց, ինչպես նաև տորենտ ֆայլերի ներբեռնման պատմության, ձեր անձը նույնականացնող այլ տվյալներ տրամադրելուց։

VPN–ը նաև թույլ է տալիս ապահովել հասանելիություն արգելափակված կայքերի նկատմամբ։ Ձեզ համար կարող են հասանելի դառնալ կայքեր, որոնք փակ են ձեր տարածաշրջանի համար` միանալով մասնավորապես, VPN surfshark ( https://surfshark.com/servers) սերվերի միջոցով, որն ավելի քան 1700 սերվեր ունի 63 երկրներում։ Սա հարմար է այն երկրների օգտատերերի համար, որտեղ սահմանափակված է մի շարք ինտերնետ ռեսուրսների նկատմամբ հասանելիությունը գեոարգելափակման կամ ինտերնետում գրաքննության ուժեղացման պատճառով։

Կարող եք շրջանցել բոլոր արգելափակումները, այցելել ձեզ հետաքրքրող բոլոր էջերը և «չթողնել հետք» բրաուզերում։ Բացի այդ, վիրտուալ ցանցի միջոցով ապահովվում է շփման ազատություն, բոլոր անձնական տվյալների պաշտպանությունը, օրինակ, հասարակական վայրերում անվճար Wi-Fi ցանցերին միանալիս։ Օգտվելով VPN–ից` դուք կարող եք ստանալ ավելի գրավիչ առաջարկներ ինտերնետում, օգտվել ակցիաներից, որոնք չեն տարածվում ձեր բնակության երկրի վրա և շահավետ ձեռք բերել տարբեր ապրանքներ։ Կարող եք գումար տնտեսել խաղ, ավիատոմսեր գնելիս, հյուրանոցների ամրագրման, մեքենաների վարձույթի, ծրագրային ապահովում ձեռք բերելու դեպքում։

Իսկ իմ ո՞ր տվյալները հասանելի կլինե՞ն VPN ծառայության մատակարարին

 - рис.3

Ի դեպ, ինտերնետում բացարձակ անանունություն չկա։ Այդուհանդերձ, VPN–ն առաջարկում է գաղտնիության և անվտանգության մակարդակ, որի դեպքում ձեր գործողությունների բացահայտումն ինտերնետում դառնում է բավականին բարդ խնդիր։ Միաժամանակ, VPN ծառայությունների հուսալի մատակարարը կստանա նվազագույն տվյալներ ձեր մասին` էլեկտրոնային փոստի հասցե։ Բացի այդ, այն չի պահպանում միացումների կամ օգտատիրոջ գործողությունների գրանցամատյաններ, չի գրանցում ձեր IP հասցեն, փոխանցված տվյալների ծավալը, ցանցի տրաֆիկը և նմանատիպ այլ տվյալներ։

Ո՞ւմ է պետք VPN- ն, պարտադի՞ր է կապի նման միջոցով ինտերնետ մտնել

 - рис.4

Եթե ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ համացանցում ձեր ակտիվության պատմությունը հասանելի է փրովայդերին, եթե ձեզ չի զզվացնում որևէ գովազդ կամ չկան տարբեր կայքեր մուտք գործելու սահմանափակումներ, ապա, գուցե, անհրաժեշտ չէ միացնել: Իսկ եթե ցանկանում եք պաշտպանել սեփական տվյալները և ապահովել համացանցում գործողությունների գաղտնիությունը, ապա այս գործիքը հենց ձեզ համար է:
VPN ցանցը պաշտպանում է ձեր բոլոր անձնական տվյալները՝ միաժամանակ թույլ տալով խուսափել համացանցում աշխատանքի ժամանակ անվտանգության հետ կապված ռիսկերից: Հետևաբար, կապի այս տեսակն ամենաշատը հարմար է գաղտնիության պահպանման կողմնակիցներին, որոնց թվում են խոսքի ազատության ակտիվիստները, որոնք որոշ երկրներում հաճախ ենթարկվում են ճնշման սեփական իշխանությունների կողմից և չեն կարողանում հրապարակային ներկայացնել սեփական դիրքորոշումը:

Ծառայությունների այս տեսակը հարմար է նաև համակարգչային խաղերի սիրահարների համար, որոնք կարող են ապահովել լրացուցիչ անվտանգություն, ինչպես նաև մարզասերների համար, ովքեր VPN-ի միջոցով կարող են ուղիղ միացման ռեժիմով դիտել իրենց նախընտրած թիմի խաղերն աշխարհի ցանկացած կետից: Հարմար է նաև զբոսաշրջիկների համար, որպեսզի արտերկիր մեկնելիս նրանք կարողանան պաշտպանել իրենց տվյալները հանրային ցանցերին միանալիս՝ միաժամանակ խնայելով բջջային ինտերնետը և բարձրացնելով կապի արագությունը՝ գովազդը արգելափակելու արդյունքում:

Այս ծառայությունը հատկապես հարմար կլինի կինոյի և տորենտի սիրահարների համար, ովքեր, միանալով այլ երկրի VPN սերվերներին, կարող են ապաարգելափակել առցանց ծառայությունների գրադարանների հասանելիությունը, ինչպիսիք են Netflix-ը, BBC iPlayer-ը, Disney Plus-ը և այլն, ինչպես նաև հանգիստ ներբեռնել տորենտ առանց սեփական օպերատորի կողմից արգելափակման վախի:

Ո՞վ կարող է օգտվել այս ծառայությունից

 - рис.5

VPN-ը հասանելի է ոչ միայն սովորական օգտատերերին: Այս ծառայությունն ունի նաև տարբերակներ կորպորատիվ հաճախորդների համար, օրինակ` կորպորատիվ VPN ցանցեր միացնելու հնարավորություն: Սովորաբար դրանք օգտագործվում են ընկերության ներքին ռեսուրսների նկատմամբ աշխատակիցների հեռահար հասանելիությունն ապահովելու համար: Այդպիսի կապի միջոցով բոլոր տվյալները փոխանցվում են կոդավորված կապով, և VPN-ը հնարավորություն է տալիս աշխատակիցներին աշխարհի ցանկացած կետից միանալ իրենց աշխատանքային համակարգչին և տվյալներին ընդհանուր վիրտուալ ցանցի շնորհիվ:

Կարո՞ղ է VPN-ը բարձրացնել ինտերնետ կապի արագությունը

 - рис.6

Իհարկե կարող է: Նախ, այն թույլ է տալիս տնտեսել բջջային ինտերնետի ծավալը և բարձրացնել կապի արագությունը գովազդի արգելափակման հաշվին: Երկրորդ, VPN-ը կօգնի, եթե ձեր օպերատորն օգտագործում է ինտերնետի «դրոսելավորում»` ցանցի տրաֆիկի ծանրաբեռնվածությունը կառավարելու համար, որպեսզի յուրաքանչյուր օգտատեր ստանա միացման ընդունելի արագություն: VPN-ով միանալու ժամանակ ձեր օպերատորը չգիտի, թե որ ծառայությանն եք միացված, ուստի չի կարող սահմանափակել ինտերնետի ծավալը:

Որքա՞ն դա կարժենա

 - рис.7

Ինտերնետում կան մեծ թվով VPN ծառայություններ՝ ինչպես վճարովի, այնպես էլ անվճար: Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ անվճար ծառայությունները հաճախ շատ են նվազեցնում արագությունն ու շատ դանդաղ են աշխատում, չնայած այն բավարար է պարզապես դիտելու կամ կարդալու համար: Կան նաև այնպիսի անվճար VPN ծառայություններ, որոնք տրամադրում են որոշակի քանակի տրաֆիկ միայն մեկ ամսվա համար, որից հետո VPN-ը կաշխատի միայն վճարովի ռեժիմով:

Կան նաև վճարովի ծառայություններ, դրանք ավելի հուսալի և անվտանգ են: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակով և որքան ժամանակ եք նախատեսում օգտվել այս ծառայությունից: Եթե այն օգտագործում եք կոմերցիոն նպատակներով` աշխատակիցների միջև կապ ապահովելու համար, ապա հաստատ պետք է անցնել վճարովի ծառայությունների, որոնք շահավետ կլինեն նաև նրանց համար, ովքեր շատ և հաճախ են օգտվում: Բայց, իհարկե, ընտրությունն օգտագործողինն է:

Ինչպիսի՞ VPN ընտրել

 - рис.8

Յուրաքանչյուր մարդ պետք է ինքնուրույն ընտրի VPN–ի տեսակը: Եթե չեք կարողանում կողմնորոշվել, միշտ կարող եք օգտվել առաջարկվող ծառայությունների դեմո տարբերակից: Այնուամենայնիվ, VPN ընտրելիս խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մի քանի ասպեկտների` սերվերների քանակին, ծառայության ֆունկցիոնալությանը, դեմո տարբերակի առկայությանը վիրտուալ ցանցի առավելությունները գնահատելու համար:

Պետք է ուշադրություն դարձնել նաև օգտագործման հարմարավետությանը, կապի սակագներին և պայմաններին, աշխատանքի արագությանը և տեխնիկական աջակցության որակին, հաճախորդի հետ կապի օպերատիվությանը: Աշխարհում կան VPN ծառայություններ տրամադրող հարյուրավոր ընկերություններ, որոնցից շատերը բավականին մատչելի են գումարի առումով: Այնուամենայնիվ, եթե VPN-ը ձեզ պետք է միայն հիմնական պաշտպանության և արգելափակված կայքեր մուտք գործելու համար, ապա կարող եք օգտվել անվճար և պարզ տարբերակից:

Ինչպե՞ս է աշխատում VPN-ը

 - рис.9

VPN-ի աշխատանքի մեխանիզմը ցանկության դեպքում կարելի է գտնել ինտերնետում: Եթե խոսենք սովորական լեզվով, ապա օգտատիրոջ համար ամեն բան շատ պարզ է՝ դուք DNS հարցում եք ուղարկում, ստանում եք VPN սերվերի IP-հասցեն: Այդ պահին գեներացվում են գաղտնի բանալիները, որոնք անհրաժեշտ են միացման անվտանգ ալիք ստեղծելու համար և իրականացվում է ձեր տվյալների գաղտնագրում, որոնք փոխանցվելու են անվտանգ ալիքով: Ահա և վերջ:

Ինչպե՞ս տեղադրել VPN

 - рис.10

Եթե կարողանում ենք հավելվածներ տեղադրել, ուրեմն կկարողանաք նաև VPN տեղադրել: Եթե օգտվում եք անվճար հասանելիությունից, ապա բավարար է ներբեռնել համապատասխան ծրագիր կամ ընդլայնում բրաուզերի համար: Իսկ եթե ձեռք եք բերում վճարովի VPN, ապա անհրաժեշտ է հետևել մշակողի հրահանգներին: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել հատուկ ծրագիր, իսկ հետո արդեն իրականացնել անհրաժեշտ կարգավորումները: Բոլոր կարգավորումներն իրականացվում են մեկ անգամ, ինչից հետո ամեն անգամ համացանց մտնելիս պետք է միայն սեղմել VPN-ի միացման կոճակը: VPN-ի աշխատանքը և միացման ակտիվությունը ստուգելու համար պետք է օգտվել IP–ի հայտնաբերման գործիքից, այսինքն միացված վիրտուալ ցանցով բացել կայքը և ստուգել, թե ինչ IP հասցե է այնտեղ ներկայացված:

Իսկ հնարավո՞ր է և անհրաժե՞շտ է VPN միացնել բջջային հեռախոսում

 - рис.11

Բջջային հեռախոսները, սմարթֆոնները և պլանշետները արդեն դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և դրանցում մենք ևս պահում ենք շատ անձնական տեղեկություններ, օգտվում ենք օնլայն կամ բջջային բանկինգից և այլ ծառայություններից, որոնք լրացուցիչ պաշտպանություն են պահանջում: VPN-ի միացումը շարժական սարքերի վրա հնարավոր է հատուկ ծրագրի միջոցով, որը հարմարեցված է այդ սարքերին: Ընդ որում, կան տարբերակներ ինչպես Android-ի, այնպես էլ IOS-ի համար: Ինչպես սովորական տարբերակում, այս դեպքում էլ VPN-ն օգնում է թաքցնել իրական տվյալները, պաշտպանել անձնական ֆայլերն ու տեղեկությունները, ինչպես նաև ապահովել անանունության ռեժիմ ինտերնետում և Wi-Fi հանրային ցանցերին միանալիս:

Կա՞ VPN-ին այլընտրաքային տարբերակ

 - рис.12

Այլընտրանք միշտ կա, ամեն բան նրբությունների մեջ է: Օրինակ, կա պրոքսի սերվեր, որը հանդես է գալիս որպես միջնորդ ձեր սարքի և ինտերնետի միջև` իր միջով անցկացնելով ձեր տրաֆիկը և տրամադրելով իր IP հասցեն: Այն թույլ է տալիս թաքցնել ձեր IP հասցեն և ստանալ հասանելիություն արգելափակված կոնտենտի նկատմամբ: Միաժամանակ, այն չի ծածկագրում թրաֆիկը, որը կարող է գողացվել սերվերին միացող կողմնակի անձանց, օրինակ ՝ հաքերների կողմից:

Կա նաև DNS ծառայություն, որը նույնպես չի ստեղծում անվտանգ թունել ձեր ցանցային թրաֆիկի համար: Կա նաև Tor ծառայություն (The Onion Router), որն աշխատում է վստահության բաշխման սկզբունքով. դուք չգիտեք, թե ով է սերվերային հանգույցների օպերատորը, բայց դա կարող է լինել անձ կամ կազմակերպություն, որը վստահության արժանի չէ: Բացի այդ, կա հատուկ Firewall ծառայություն, որը թույլ է տալիս ինտերնետ սերվերների տվյալների միայն այն փաթեթները, որոնք համապատասխանում են որոշակի կանոնների: Firewall-ը շատ հարմար է ձեր սարքը վիրուսային հարձակումներից և համակարգչային որդերից պաշտպանելու, բայց ոչ ելքային ցանցային թրաֆիկի համար:

ԻսկVPN ցանցերն օրինակա՞ն են

 - рис.13

VPN ցանցերը օրինական են, ավելին դրանք հաճախ օգտագործվում են առևտրի ոլորտում ընկերության տվյալների պաշտպանության և համակարգի նկատմամբ աշխատակիցների հասանելիության, ինչպես նաև խարդախներից և հաքերներից տվյալները պաշտպանելու համար: Միաժամանակ, նույնիսկ այն երկրներում, որտեղ VPN- ները առանձնապես ողջունելի չեն, և որտեղ սահմանափակումներ են դրվում տարբեր ռեսուրսների օգտագործման վրա, կառավարությունները չեն խոչընդոտում դրանց օգտագործմանը: Այստեղ շատ բան կախված է նման տեխնոլոգիաների կիրառման նպատակից, քանի որ անօրինական գործունեությունը միշտ էլ մնում է անօրինական՝ անկախ նրանից VPN եք օգտագործում, թե ոչ:–0–