Արցախցի մարզիկը «ոսկի» է նվաճել մուայ թայ թաիլանդական բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում

19.03.2015, 19:34
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը «ոսկե» մեդալ է նվաճել մուայ թայ բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մուայ թայ ֆեդերացիայի ղեկավար Արամ Աբրհամյանը։
Արցախցի մարզիկը «ոսկի» է նվաճել մուայ թայ թաիլանդական բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող արցախցի մարզիկ Դավիթ Հայրապետյանը «ոսկե» մեդալ է նվաճել մուայ թայ բռնցքամարտի աշխարհի 12–րդ առաջնությունում, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի մուայ թայ ֆեդերացիայի ղեկավար Արամ Աբրհամյանը։

«Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությանը մասնակցել են 90 երկրների մարզիկներ, և պայքարը թեժ էր։ Մեր մարզիկները մրցում էին աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ»,– ասաց Աբրահմյանը։

Ըստ նրա, Հայրապետյանը փայլուն ներկայացրեց Հայաստանը մինչև 71 կգ քաշային կարգի պատանիների մրցումներում։

«Դեռևս 2014 թվականի նոյեմբերին նա ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում Վիլնյուսում խառը մարտերում` եզրափակչում նոքաութի ենթարկելով բելառուս մարզիկին»,– ասաց Ֆեդերացիայի ղեկավարը։

Հայրապետյանը ԼՂՀ մարտարվեստների ասոցիացիայի սան է, մուայ թայով զբաղվում է Ստեփանակերտի քաղաքապետարանին առընթեր մանկապատանեկան մարզադպրոցում։

Նույն առաջնությունում մինչև 71 կգ քաշային կարգում մեծահասակների շրջանում երկրորդ տեղը զբաղեցրեց Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի մուայ թայի ֆեդարացիան ստեղծվել է դեռևս 20–րդ դարի 90–ական թվականներին, սակայն ակտիվ գործում է 2011 թվականից։

Ապրիլին ֆեդերացիան ծրագրում է Հայաստանում անցկացնել խոշոր միջազգային մրցաշար` նվիրված Հայոց ցեղասպանության 100–ամյակին։ -0-