ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, լեգենդար Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ՖԻՖԱ–ն սպանում և այլանդակում է ֆուտբոլը, և մարդիկ պետք է դրա մասին իմանան, հաղորդում է Guardian–ը։
Մարադոնան նման հայտարարություն է արել Վենեսուելայի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող շոուի առաջին թողարկման ժամանակ, որտեղ նա հանդես է եկել որպես համահաղորդավար, հաղորդում է ՌՒԱ Նովոստին։
«ՖԻՖԱ–ն այսօր բազմաթիվ ազգեր միավորող կազմակերպություն է, որը խժռում է ողջ երկրագունդը։ Երկրները չեն կարողանում դիմակայել դրան», – հայտարարել է Մարադոնան։ «Եթե ՖԻՖԱ–ն է որոշել զովացուցիչ ըմպելիքների վաճառքի կետերը, դրանք հենց այդտեղ էլ պետք է վաճառվեն»։
«Գործերը պետք է ամբողջովին այլ կերպ ընթանան։ Եթե այդպես լիներ, ապա հիմա մենք կկենտրոնանայինք միայն աշխարհի առաջնության խաղերի վրա, իսկ դրա փոխարեն մենք խոսում ենք Բրազիլիայում անցկացվող գործադուլների մասին», – նշել է Մարադոնան ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին, որը հինգշաբթի մեկնարկում է Բրազիլիայում։
Ավելի վաղ Մարադոնան ԶԼՄ–ների միջոցով ՖԻՖԱ–ին կոշտ քննադատության էր ենթարկել աշխարհի 2022 թ.–ի առաջնության հյուրընկալ երկրի ընտրության շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով։–0–