ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը կօգնի լուծել Բրազիլիայի բազմաթիվ սոցիալ–տնտեսական խնդիրները, կարծում է ՀՀ–ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն։
«Աշխարհի առաջնության անցկացման նպատակը ոչ միայն սպորտն է, այլև այլ խնդիրների լուծումը», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մոնտեյրոն` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։
Նա ավելացրել է, որ 2014 թ.–ի աշխարհի առաջնությունը, մասնավորապես, կօգնի բարելավել ենթակառուցվածքն ու ավելացնել երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը։
Նա նաև նշել է, որ չնայած Բրազիլիայում բողոքի ակցիաներ են անցկացվում կապված այն բանի հետ, որ պետությունը խոշոր միջոցներ է հատկացրել աշխարհի առաջնության անցկացման համար, սակայն բողոքողները հաշվի չեն առնում, որ կրթության և առողջապահության ոլորտներին հատկացվել է տասնապատիկ ավել միջոցներ։
Դեսպանի խոսքերով` եթե մարզադաշտերի կառուցման և արդիականացման նպատակով հատկացվել էր 8 մլրդ բրազիլական ռեալ (3,8 մլրդ դոլար), ապա նույն ժամանակահատվածում կրթության և առողջապահության ոլորտներին տրամադրվել է 825 մլրդ ռեալ (371,25 մլրդ դոլար)։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Բրազիլիայում հունիսի 12–ից հուլիսի 13–ը։ 2014 թ.–ի աշխարհի առաջնության հանդիպումները կանցկացվեն 12 քաղաքների մարզադաշտերում։
Բացման առաջին հանդիպումը տեղի կունենա Սան Պաուլուի «Արենա Կորինտիանս» մարզադաշտում, իսկ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը` Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։–0–