ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին օլիմպիական խաղերում գրանցած հաղթանակի կապակցությամբ

25.02.2014, 15:00
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սոչի-2014» օլիմպիական խաղերում հաղթանակի կապակցությամբ:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին օլիմպիական խաղերում գրանցած հաղթանակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սոչի-2014» օլիմպիական խաղերում հաղթանակի կապակցությամբ:

«Ընդունեք երախտագիտության անկեղծ խոսքերս Ձեր հրավերի համար՝ մասնակցելու 2014թ. Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի բացման արարողությանը, որն առանձնանում էր իր նրբաճաշակությամբ, խորհրդանշականությամբ և յուրօրինակությամբ, ինչն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Աշխարհը հիրավի հետևում էր վառ և հուզիչ տեսարանի ու հիանում դրա անթերիությամբ»,– նշված է ուղերձում:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ոչ պակաս տպավորիչ էր նաև Օլիմպիադայի փակումը, ինչն անկասկած կարելի է բնութագրել որպես փակման ամենամասշտաբային արարողությունը ձմեռային խաղերի ամբողջ պատմության ընթացքում:

Սերժ Սարգսյանի կարծիքով` օլիմպիադայի տեխնիկական հագեցվածությունը և պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը որակական նոր մակարդակի բարձրացրին օլիմպիական հետագա խաղերի անցկացման գործընթացը՝ դրանով իսկ ավելի բարձր նշաձող սահմանելով ապագա կազմակերպիչների համար:

«Իսկ օլիմպիադայի պսակը դարձավ  Ռուսաստանի հավաքականի՝ մեդալների հաշվով տարած բացարձակ հաղթանակը՝ 33 մեդալ ռեկորդային քանակով: Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այս նշանավոր իրադարձության՝ աննախադեպ հաղթանակի կապակցությամբ և մաղթում Ռուսաստանի եղբայրական ժողովրդին նորանոր հաջողություններ և նվաճումներ»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:-0-