ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի սահնակի սպորտի ֆեդերացիան առաջիկայում անհրաժեշտ աջակցությունը կցուցաբերի Հայաստանի գործընկերներին տվյալ մարզաձևի վերածնման գործում, «Ռ-Սպորտ» գործակալությանն է հայտնել ՌՍՍՖ գործադիր տնօրեն Սերգեյ Շվիդենկոն:
«Սահնակային սպորտի միջազգային ընտանիքում շուտով ևս մեկ ներկայացուցիչ կհայտնվի՝ վերածնվում է Հայաստանի ազգային ֆեդերացիան,- ասել է Շվիդենկոն: - Մեր գործընկերները պաշտոնական նամակով դիմել են օժանդակություն և աջակցություն ցուցաբերելու խնդրանքով մեր մարզաձևի զարգացման համար: Առաջիկայում մենք մտադիր ենք հանդիպել Հայաստանի ներկայացուցիչներին և քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները»: Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ ՌՍՍՖ-ն «շահագրգռված է համաշխարհային միությունում ևս մեկ երկրի ավելացմամբ»:
«Սահնակային մարզաձևի միջազգային աշխարհագրությունն ընդլայնվում է: Օրինակ, այս սեզոնից տվյալ գործընթացում ակտիվորեն ընդգրկվել է Ղազախստանը,- շարունակել է Շվիդենկոն: - Երկրում ստեղծվել է լիարժեք պատանեկան թիմ, որը կմասնակցի միջազգային մրցումների»:
Գնահատելով 2012 թվականի փետրվարին Մերջմոսկովյան Պարամոնովոյում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում հնարավոր ներկայացվածությունը՝ մասնագետը նշել է. «Մենք առնվազն 14 երկրի մարզիկների ենք սպասում»:
«Կարևոր հանգամանք է այն, որ Եվրոպայի առաջիկա առաջնությունը միաժամանակ կունենա նաև Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլի կարգավիճակ,- շարունակել է Շվիդենկոն: - Այդ պատճառով Ռուսաստանի մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը մեծ կլինի»:
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Պարամոնովոյում փետրվարի 25-26-ը: -0-