Հայաստանում հիմնադրվել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հիմնադրվել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա (ՊԲՄՖ)։
«Սա ողջ աշխարհում պրոֆեսիոնալ բռնցքամարտի իններորդ ֆեդերացիան է, և մենք իրավունք ունենք մենամարտեր անցկացնել աշխարհի յուրաքանչյուր կետում», - երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց ՊԲՄՖ-ի հիմնադիր Արմեն Հակոբյանը։
Նրա խոսքերով, նոր ֆեդերացիան իրավունք ունի շնորհել չեմպիոնական երեք գոտի՝ ինտերմայրցամաքային, եվրոպական և աշխարհի գոտիներ։
Հակոբյանը նշեց, որ մեդալների համար պայքարում յուրաքանչյուր հավակնորդ-բռնցքամարտիկ պետք է անցկացնի վեց մենամարտ, սկզբից չորս ռաունդ, այնուհետև աճման կարգով՝ վեց, ութ և տասներկու ռաունդներ։
««Ինտերմայրցամաքային չեմպիոնի» գոտու համար պայքարում բռնցքամարտիկը պետք է անցկացնի ութ մենամարտ և կրի մեկ պարտությունից ոչ ավելի, «Եվրոպայի չեմպիոն» տիտղոսի համար՝ 16 մենամարտ և երկու պարտություն, «Աշխարհի չեմպիոն» տիտղոսի համար՝ 32 մենամարտ և երեք պարտություն», - տեղեկացրեց ՊԲՄՖ-ի հիմնադիրը։
Հակոբյանը կարծիք հայտնեց, որ ՊԲՄՖ-ի ստեղծումը հայ բռնցքամարտիկներին հնարավորություն կտա հանդես գալ միջազգային ռինգերում՝ հայկական դրոշի ներքո, ինչպես նաև կազմակերպել վարկանիշային մենամարտեր Հայաստանում։
Նրա խոսքերով, Ֆեդերացիայի հիմնումը կնպաստի Հայաստանում բռնցքամարտի զարգացմանն ընդհանուր առմամբ և կօգնի ֆինանսական հոսքեր ներգրավել երկիր։
«Ֆեդերացիան մտադիր է պայմաններ ստեղծել բռնցքամարտի զարգացման համար երկրի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ մարզերում՝ մարզային մասնաճյուղերի ստեղծման միջոցով», - տեղեկացրեց Հակոբյանը։-0-