Աբովյանի մարզադաշտում «Նոա»– «Ռուժոմբերոկ» հանդիպման ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է․ ՀԷՑ–ը պարզաբանում է տարածել

21.08.2024, 10:35
Երկրպագուներն ու ֆուտբոլիստները մնացել են մթության մեջ․ Աբովյանի մարզադաշտում «Նոա»– «Ռուժոմբերոկ» հանդիպման ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է
Աբովյանի մարզադաշտում «Նոա»– «Ռուժոմբերոկ» հանդիպման ժամանակ մարզադաշտը հոսանքազրկվել է․ ՀԷՑ–ը պարզաբանում է տարածել

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին երեկոյան Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթանում էր Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկ» հանդիպումը։

Հանդիպման 68-րդ րոպեին խաղն ընդհատվել է մարզադաշտի հոսանքազրկման հետևանքով։

Երկրպագուներն ու ֆուտբոլիստներն անորոշ ժամանակով մնացել են առանց հոսանքի։ Այդ պահին «Նոան» 1:0 հաշվով հաղթում էր։ Խաղը վերսկսելուց հետո «Նոան» ևս երկու գոլ է խփել և հաղթել 3։0 հաշվով։

Խաղի ժամանակ գրանցված միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

«Ժամը 21:30 -ին Աբովյան քաղաքի մարզադաշտում հայկական «Նոա» և սլովենական «Ռցուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ՝ մարզադաշտը հոսանքազրկվել է:

Մարզադաշտը սնվում է ՀՖՖ հաշվեկշռում գտնվող ենթակայանից, շահագործվում և սպասարկվում է իր անձնակազմի կողմից: Էլեկտրամատակարարման ընդհատումը պայմանավորված է այդ ենթակայանում տեղի ունեցած վթարով:

Չնայած այն հանգամանքին,որ հոսանքազրկումը դուրս է «ՀԷՑ» ՓԲԸ պատասխանատվության գոտուց՝ Ընկերության անձնակազմի աջակցությամբ մարզադաշտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:46-ին», – նշվում է ՀԷՑ–ի հայտարարության մեջ։