ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տալի հուշամրցաշարի հինգերորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ, հաղորդում է armsport.am-ը
Մրցակիցները կիսել են միավորը 83-րդ քայլից հետո:
Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել): Անիշ Գիրի (Նիդերլանդներ) - Յան Նեպոմնիաշի (Ռուսաստան), Չաո Լի (Չինաստան) - Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան), Շախիար Մամեմդիարով (Ադրբեջան) - Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կայքի հաղորդմամբ, Արոնյանի համար այս ոչ-ոքին հինգերորդն էր անընդմեջ: Հայ շախմատիստը 2,5 միավորով կիսում է 5-7-րդ հորիզոնականները:
Մրցաշարի առաջատար Անիշ Գիրին (Նիդերլանդներ) ունի 4 միավոր:
Աշխարհի 8–րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարն անցկացվում է Մոսկվայում սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 6–ը։ Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։
Հիշեցնենք, որ Տալի հուշամրցաշարում ամենից հաճախ հաղթել է Արոնյանը (երեք անգամ), ընդ որում ամեն անգամ նա առաջին տեղը կիսել է մասնակիցներից մեկի հետ։ Արոնյանը հաջողության է հասել 2006 թ.–ին (հունգարացի Պետեր Լեկոյի և ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ), 2010 թ.–ին (ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և Մամեդյարովի հետ) և 2011 թ.–ին (նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ)։ –0–