ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը շատ էր զգացվում:
Այն հարցին, թե ինչ կարծիքի է մարզիչը խաղի մասին, Սուքիասյանը նշել է, որ հայկական թիմի կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով, և եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները թիմի տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։
«Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը», - ավելացրել է Սուքիասյանը։
Օգոստոսի 31-ին Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ընթացքում։ Նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։ Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։
Կիրակի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում տեղի ունեցած 2018 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 1:0 հաշվով
պարտվեցԴանիայի թիմին: Միակ գոլը 17-րդ րոպեին հարվածեց «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենը:
Հայաստանի հավաքականն ընտրական նույն խմբում է Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստանի հետ։ -0-