ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ուղիղ եթերում մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։
ՀՀ վարչապետը ուղիղ եթերում մարտահրավեր նետեց լեգենդար System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին։ Վարչապետը կոչ արեց հետևել իր օրինակին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին ամեն ամիս փոխանցելու 20–23 դոլարի չափով գումար, ինչը մոտավորապես կազմում է 10 հազար դրամ։
Այս պահին վարչապետի challenge–ին արձագանքել են Սերժ Թանկյանն ու Ալեքսիս Օհանյանը։
«Ես ընդունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ամեն ամիս «Հայաստան» համահայկական հիմնադրամին 23 դոլարի չափով գումար նվիրաբերելու մարտահրավերը, և իմ հերթին մարտահրավեր եմ նետում Էրիկ Իսրայելյանին (հոլիվուդյան պրոդյուսեր, խմբգր.), Վահե Բերբերյանին (հումորիստ, խմբգր.) և Անժելա Սարաֆյանին (դերասանուհի, խմբգր.)։ Միացեք և նույնն արեք», – գրել է Թանկյանն իր Facebook–յան էջում։
Նրա խոսքերով, կարելի է անել ավելին նվիրատուների շրջանակի ընդլայնման դեպքում։
Օհանյանն ավելի համառոտ գտնվեց։
«Դուք ստացաք դա», – գրել է Օհանյանը Twitter–ի իր բլոգում` գրառման մեջ նշելով Փաշինյանին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 22–րդ հեռուստամարաթոնի շրջանակներում հանգանակվել է 9.856.100 դոլար, ինչը մոտ 1,3 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա արդյունքից։–0–