Challenge վարչապետից. Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին (ՎԻԴԵՈ)

28.11.2019, 23:22
Challenge վարչապետից. Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին. ՎԻԴԵՈ
Challenge վարչապետից. Փաշինյանը մարտահրավեր նետեց Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։

«Ես նախքան այստեղ գալն ուսումնասիրել եմ հիմնադրամի կայքը, հիմնադրամի կայքում կա օնլայն նվիրատվությունների բաժին, և ես այնպես եմ արել կարգավորումները, որ ամեն ամիս իմ հաշվեհամարից ընդամենը 10 հազար դրամ անցնի հիմնադրամի հաշվեհամարին: Եթե աշխարհի 5 մլն հայ անի նույն գործողությունը, մենք տարեկան կունենք ոչ թե 13 միլիոն դրամ՝ միջինում, այլ 1 մլրդ դրամից ավել գումար», – նշեց ՀՀ վարչապետը`հավելելով, որ հիմա ուղիղ եթերում ուզում է մարտահրավեր նետել աշխարհի 3 հայի։

«Challenge անենք առաջինը Սերժ Թանկյանին: Սերժ, ես մարտահրավեր եմ նետում քեզ, որ մտնես Himnadram.org կայք, ես համոզված եմ, որ դու քարտ ունես բանկային և անես այնպես, որ ամեն ամիս, մինչև քարտիդ գործողության ավարտը 10 հազար դրամին մոտ՝ մոտ 21 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, երկրորդը՝ Քիմ Քարդաշյանին, 22 դոլար ամեն ամիս, և երրորդ մարդը՝ Ալեքսիս Օհանյանին, չգիտեմ հիմա հետևում եք, թե չէ, եղբայր, ես Challenge եմ անում ձեզ, որ նույն կայքով անեք այնպես, որ ձեր քարտից ամեն ամիս 23 դոլար փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին», – նշեց ՀՀ վարչապետը:

Միաժամանակ նա նշեց, որ այստեղ ամենակարևորն է, որ նրանք ամենքը մարտահրավեր նետեն ևս 3 հայի, և դա անեն հրապարակային, այդպես յուրաքանչյուր մարտահրավեր ընդունող նույնը փոխանցի ևս 3 հոգու:

«Այսպես մենք կունենանք համահայաստանյան բյուջե», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամն ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։ Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։–0–