Ռուսաստանում առաջարկել են առանց սմարթֆոնի օր հայտարարել

02.03.2019, 15:55
Պետդումայում առաջարկել են սահմանել առանց սմարթֆոնի օր «Երկրի ժամ» միջազգային ամենամյա միջոցառման նմանությամբ:
 Ռուսաստանում առաջարկել են առանց սմարթֆոնի օր հայտարարել
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Պետդումայում առաջարկել են սահմանել առանց սմարթֆոնի օր «Երկրի ժամ» միջազգային ամենամյա միջոցառման նմանությամբ: Համապատասխան հարցումը Պետական դումայի քաղաքացիական հասարակության զարգացման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Իվան Սուխարևն ուղարկել է թվային զարգացման նախարար Կոնստանտին Նոսկովին, գրում է Իզվեստիան:

Նրա կարծիքով, ակցիան թույլ կտա ուշադրություն գրավել գաջեթների օգտագործմա նկատմամբ ավելի պատասխանատու վերաբերմունքի խնդրին, ինչպես նաև ազդակ կհաղորդի բջջային հեռախոսներից և սոցցանցերից մարդկանց կախվածության նվազեցման ուղիների քննարկմանը:

Խորհրդարանականը նշել է նաև, որ, ուսումնասիրությունների համաձայն, մեգապոլիսի բնակիչների ավելի քան 80%-ը մշտապես բջջային սարքեր է օգտագործում, մինչդեռ 15 տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 10-15 տոկոս: Սուխարևն ավելացրել է, որ դրա հետևանքով մարդիկ կորցնում են սոցիալական հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական մտածողության ունակությունը, ինչը հանգեցնում է «բարոյահոգեբանական արժեքների և բարքերի քայքայմանը», գրում է «Դաշնային լրատվական ծառայությունը»:

Սուխարևը նաև խոսել է գաջեթների վնասի մասին, որը հասցվում է երեխաների առողջությանը: -0-