ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց ևս 50 ՀՀ քաղաքացի

01.07.2016, 17:20
Հուլիսի 1-ին ժամը 13:20-ի սահմանում, Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը:
ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց ևս 50 ՀՀ քաղաքացի
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 1-ին ժամը 13:20-ի սահմանում, Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու, հայտնում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

5-րդ չվերթով ժամանող Հայաստանի հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունները։

 - рис.1

5-րդ չվերթի ընթացքում ևս Երևան ժամանող օդանավի ուղևորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները՝ ՌԴ ԱԻՆ գնդապետ Տ.Ս. Բազդիրևի գլխավորությամբ, նշվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետում ծագած խնդրի պատճառով մնացել էին Վրաստանում՝ զրկված լինելով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից:

 - рис.2

Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները գոհունակություն հայտնեցին ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարություններին` աշխատանքի, իրենց նկատմամբ դրսևորած հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար:

Բացի այդ, տեղի հայ համայնքը նույնպես ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ և օթևան տրամադրելով հայրենակիցներին:

Հատուկ չվերթերով թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:

Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։ Նախնական տվյալներով, ճանապարհի վերականգնումը կպահանջի 15-20 օր։ -0-