Հայտնի գիտնական Պարիս Հերունու դուստրը բաց նամակ է հղել Պուտինին

25.11.2020, 13:45
Հայտնի գիտնական Պարիս Հերունու դուստրը բաց նամակ է հղել Պուտինին
Հայտնի գիտնական Պարիս Հերունու դուստրը բաց նամակ է հղել Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նանա Հերունին, հայտնի գիտնական, ռադիոֆիզիկոս, ռադիոտեխնիկ, ռադիոաստղագետ, պրոֆեսոր Պարիս Հերունու դուստրը, բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անհետ կորած հայ զինծառայողներին, ովքեր Ադրբեջանում սարսափելի ծաղրանքների են ենթարկվում, գտնելու և տուն վերադարձնելու օգնության խնդրանքով:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է Նանա Հերունու նամակն ամբողջությամբ.

Բաց նամակ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Իմ անունը Նանա Հերունի է: Ես ակադեմիկոս Պարիս Միսակովիչ Հերունու դուստրն եմ:

Չեմ ուզում թվարկել հորս բոլոր միջազգային, այդ թվում ռուսական շքանշաններն ու մրցանակները, դրա համար մի քանի էջ կպահանջվի, կրճատ ասեմ, որ նրա կողմից ստեղծված և ղեկավարվող Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը ենթարկվում էր ԽՍՀՄ պետական չափանիշին և աշխատում, այդ թվում, երկրի անվտանգության համար: Հորս նախագծերը կան ինչպես ռուսական տիեզերանավերի, այնպես էլ ռազմական տեխնիկայի (տանկեր, ինքնաթիռներ և այլն) վրա: Չափազանցություն չի լինի ասել, որ նրա գյուտի շնորհիվ ԱՄՆ բանակի ինքնաթիռները դադարեցին օդ բարձրանալ Վիետնամի պատերազմում, ինչի շնորհիվ Խորհրդային Միությունը հաղթանակ ունեցավ:

Այսօր իմ երկրի՝ Հայաստանի համար, ծանր ժամանակներ են… Ես դիմում եմ ձեզ ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների հետ կապված: Համացանցում ամեն օր տեսանյութեր են տարածվում, որտեղ ցուցադրվում են ծաղրանքներ ռազմագերիների և խաղաղ բնակիչների, այդ թվում տարեցների նկատմամբ: Կարմիր Խաչի և մնացած համապատասխան կազմակերպությունների աշխատանքը դեռևս երևացող արդյունք չի տվել:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես գիտեմ, որ Դուք կարող եք այս հարցը լուծել պարոն Ալիևի հետ, թող վերջինիս խոսքերը՝ ժողովուրդների ու դավանանքների միջև բարեկամության և խաղաղության մասին հիմնավորվեն նաև գործով:

Ես կարող եմ այս նամակի տակ հարյուր հազարավոր ստորագրություններ հավաքել, բայց հիմա ամեն ժամը հավիտենություն է մեր տղաների և նրանց ընտանիքների համար, ովքեր այսօր պաշտոնյաների դռներն են թակում:

Վլադիմիր Վլադիմիրովիչ, հանուն մարդասիրութան, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, հենց հիմա վերցրեք խոսափողը և զանգեք պարոն Ալիևին, փրկեք մեր երեխաներին և մայրերի սրտերը, փրկեք մեր առանց այդ էլ պատառոտված հոգիները:

Հարգանքներով, հույսով և հավատքով ձեր մեծահոգությանը, Նանա Հերունի

24.11.2020