Բժիշկները թվարկել են ասիմպտոմ կորոնավիրուսի 5 հիմնական նշանները

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Բժիշկներն առանձնացրել են COVID-19- ի ասիմպտոմ ընթացքի 5 հիմնական հատկանիշ: Այդ մասին հայտնում է «Московский комсомолец»-ը:
«Նոր վիրուսը դեռ ուսումնասիրման փուլում է, բայց մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նրանով ավելի շատ մարդ է հիվանդացել, քան մենք կարծում ենք», - ասել է Հնդկաստանի Պունե քաղաքում Բուժաշիճուկների ինստիտուտի ղեկավար Ադար Փունավալան:
Օքսֆորդում պատվաստանյութի մշակման ժամանակ անցկացվել են բազմազան ուսումնասիրություններ, որոնց ընթացքում առաջացել է աշխատանքային վարկած, որ կորոնավիրուսը գրավել է աշխարհը շատ ավելի շուտ, քան մենք պաշտոնապես իմացել ենք դրա մասին:
««Ասիմպտոմ»-ը, տվյալ դեպքում, խոսքի ձև է: Անկասկած COVID-19- ի մեղմ ընթացքի նշաններ կան: Այլ բան է, որ մարդը պարզապես կարող է դրանք չկապել կորոնավիրուսի հետ», - ասում են Բուժաշիճուկների ինստիտուտում:
Այսպիսով, հետազոտողների կարծիքով, կասկածել, որ դուք COVID-19- ը տարել եք «ոտքի վրա» կարելի է, եթե 10-14 օրվա ընթացքում ունեցել եք նշված 5 ախտանիշներից բոլորը միաժամանակ (կամ մեկը մյուսին անընդհատ փոխելով):
1. Հոտի զգացողության փոփոխություն: Մենք հաճախ լսում ենք կորոնավիրուսի ժամանակ հոտի զգացողության կորստի մասին: Բայց սա ակտիվ ընթացք ունեցող հիվանդության ախտանիշ է: Հիվանդության մեղմ ընթացքի ժամանակ ձեր «հոտառությունը» կարող է ամբողջությամբ չվերանալ, բայց հաստատ կփոխվի. հոտերը կարող են այլ կերպ են զգացվել: Եթե զգում եք, որ ձեզ համար սովորական բույրերը այլ կերպ են ընկալվում, սա կարող է լինել այսպես կոչված «ասիմպտոմ» ընթացքի առաջին ախտանիշը:
2. Թուլություն և հոգնածություն: Խոսքը ոչ թե հասարակ հոգնածության, այլ գերհոգնածության մասին է, որը բնորոշ չէ ձեզ ուրիշ ժամանակ: Եթե սովորական գործողությունները (աշխատանք, կենցաղային աշխատանք, ֆիզիկական գործունեություն և այլն) սկսել են ձեզ տրվել մեծ դժվարությամբ, ապա կարելի է ենթադրել, որ ձեր մարմնի ամբողջ ուժն ուղղված է վիրուսի դեմ պայքարին:
3. Ստամոքսային ցավ: Որոշ ժամանակ առաջ ստամոքսային ցավը չէին կապում կորոնավիրուսի հետ: Սակայն, այժմ բժիշկները հիշեցնում են, որ որովայնի շրջանում ցավը կարող է առաջանալ թոքերի ստորին գոտիներում բորբոքում առաջանալու արդյունքում:
4. Աղիքային խանգարում: Լուծը, որը կապված չէ ուտելու խանգարումների, լուծողականների կամ թունավորման հետ, COVID-19- ի «աղիքային ձևի» հավանական նշան է, ամենից հաճախ տեղի է ունենում, երբ վիրուսային գործակալը մուտք է գործել մարմին ոչ թե օդակաթիլային ճանապարհով(վարակվածի թուքի միջոցով), այլ իրերի մակերեսից բերանի խոռոչ:
5. Աչքի լորձաթաղանթի բորբոքում: «Կորոնայի» համար բավականին անսպասելի ախտանիշ է, բայց դա ցուցիչ է, եթե այն դրսևորվում է մյուս 4-ի հետ միասին: COVID-19- ի՝ մարմին ներթափանցումը կարող է հանգեցնել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի, որի արդյունքում կարող են առաջանալ աչքերի քոր և կարմրություն: Ավելի ծանր ձևերի դեպքում դա նաև հանգեցնում է արցունքատար խողովակների բորբոքման և այրման:
Ըստ բժիշկների, եթե 10-14 օրվա ընթացքում դուք ունեցել եք բոլոր 5 նշանները միանգամից կամ մեկը մյուսին փոխարինելով, ապա հիմք ունեք ենթադրելու, որ տարել եք կորոնավիրուսը մեղմ ձևով, չնայած որ վերջնական պատասխանը կտա միայն թեստը:
Ալերգոլոգները հիշեցնում են, որ 1-ին և 5-րդ նշանները մայիս-հունիս ամիսներին կարող են առաջանալ նաև փոշոտման և ծաղկող բույսերի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ: Բայց այս դեպքում դրանցից հեշտությամբ կարելի է ազատել ալերգիկների համար սովորական դեղամիջոցներով՝ հակահիստամիններով: -0-