Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ

01.03.2026, 15:56
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է տրամադրել Մերձավոր Արևելքում գտնվող քաղաքացիների համար
Այս պահի դրությամբ Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի․/Նովոստի-Արմենիա/․ Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կապ է պահպանվում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:

«Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։ Այս մասով լրացուցիչ հաղորդագրություն տարածվել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից»,-նշվում էհաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հավելում են, որ ներկայումս ԱՄԷ-ում դեսպանությունը օպերտաիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողների խմբի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն:

«Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում է իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։ Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար»,-ասվում է հայտարարության տեքստում։

Նշվում է նաև, որ դեսպանությունների և ԱԳՆ կողմից տրամադրված թեժ գծի միջոցով անմիջական պատասխաններ են տրվում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին: Ճշտվում և պարբերաբար թարմացվում է այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը։

«ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Ի հերքումն սոցիալական որոշ հարթակներում տարածված տեղեկատվության, որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Ուղղված հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին»,-նշում է ԱԳՆ-ն՝ հավելելով, որ   այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից տարածվող պաշտոնական ցուցումներին և տեղեկատվությանը։

Տարածաշրջանում գտնվող ՀՀ դեսպանությունների կողմից տարածված կոնտակտային տվյալները.

 Իրան. +98 902 0059927

 Իսրայել. +972 58 607-0313 (նաև WhatsApp), +972585811144

 Արաբական Միացյալ Էմիրություններ. +971 506144624, +971509367385,

 Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն. +971 58 567 0993

 Քուվեյթ․ +965 25322175, +965 90065454, +965 25322174

 Օման. +968 93812337

 Կատար․ +974 44919232, +974 33303979

 ԱԳՆ. +37455620111 (նաև WhatsApp)

 Իսրայելը փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին՝ նպատակ ունենալով «պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»:

Նա հայտնել է Իրանի հրթիռային արդյունաբերությունն ու ռազմածովային նավատորմը ոչնչացնելու, ինչպես նաև Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը բացառելու ծրագրերի մասին: Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ: