Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

01.07.2019, 20:37
Սնկից թունավորման դեպքեր են արձանագրվել Հայաստանում։
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է` սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ. ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սնկից թունավորման դեպքեր են արձանագրվել Հայաստանում։ Սննդային թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարության մասնագետները տեղերում իրականացրել են բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հայաստանի տարածքում այս տարվա 1-ին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով:

Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում:
Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 դեպք՝ 43 տուժածով:

Գերատեսչությունից հիշեցնում են, որ սնկից թունավորման կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարում:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
• չուտել հում սունկ,
• երեխաներին չկերակրել սնկով,
• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
• թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
• չզբաղվել ինքնաբուժմամբ։

Մասնագետները խորհուրդ են տալիս հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի։ -0-