Կարո՞ղ են ՀՀ քաղաքացիներն օգտվել վարորդական իրավունքից ՌԴ–ում. ԱԳ փոխնախարարը ներկայացրել է քննարկումների գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և ԵՏՄ այլ երկրների տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից վարորդական իրավունքների օգտագործման հարցը քննարկվել է նախօրեին տեղի ունեցած Միության խորհրդի նիստի ժանմանակ։ Այս մասին այսօր պատգամավորներին հայտնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։
«Այս հարցը քննարկվում է ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Բազմակողմ մակարդակի քննարկումներն անցնում են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ պայմանագիրը կազմակերպության անդամ երկրների միջև որևէ սահմանափակում չի նախատեսում։ Իսկ երկկողմ քննարկումները կապված են այն փաստի հետ, որ սահմանափակումները ներդրվել են ռուսական օրենսդրությամբ հենց Հայաստանի համար», – նշեց նա։
Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ աշխատանքներ են ընթանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակի կարգավորման ուղղությամբ և հաջողության հասնելու հույս կա։
Ռուսաստանի կողմից ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի։ 2019թ.–ի ապրիլի 4–ին կայացած հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19–րդ նիստի ընթացքում ռուսական կողմը հայտարարեց, որ պատրաստ է աշխատանք իրականացրել ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչմանն (այդ թվում` աշխատանքի տեղավորվելիս) ուղղված օրենսդրական գործընթացն արագացնելու համար։–0–