Forbes–ը ներկայացրել է, թե ինչ ինքնաթիռներից են օգտվում ռուսաստանցի հայ միլիարդատերերը (ՎԻԴԵՈ)

14.11.2019, 17:41
Ինչ ինքնաթիռներից են օգտվում ռուսաստանցի հայ միլիարդատերերը. ներկայացնում է Forbes–ը։
Forbes–ը ներկայացրել է, թե ինչ ինքնաթիռներից են օգտվում ռուսաստանցի հայ միլիարդատերերը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Forbes ամսագիրը ներկայացրել է «Թանկարժեք իրեր» նոր վիդեոնախագիծը, որում լրագրող և գործարար Թինա Կանդելակին պատմում է, թե ինչ ինքնաթիռներից են օգտվում ռուսաստանցի միլիարդատերերը։

Ռուսաստանցի միլիարդատերերի թվում են հայկական արմատներ ունեցող երեք ձեռներեցներ` «Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (նախկին ազգանունը` Հարությունյան, խմբգր.), «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ու «Սկարտել» ընկերության հիմնադիր և սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը։

Ինչպես նշվում է հոդվածում, 2018թ.–ին Գալիցկին ձեռք է բերել Gulfstream G650 տիպի ինքնաթիռը` M-YGLF բորտային համարով (ինչը նշանակում է «Իմ Գոլֆստրիմ»), ինքնաթիռն արժե 60 մլն դոլար։ Այն իր կատեգորիայի ամենաժամանակակից և ուլտրամոդայիկ օդանավերից է, որը կարող է առանց վերալիցքավորման հաղթահարել մոտ 13 հազար կիլոմետր` 982 կմ/ժ արագությամբ։ 

Forbes–ի տվյալներով, Gulfstream G650 տիպի օդանավ ունի նաև Սամվել Կարապետյանը, իսկ Ալբերտ Ավդոլյանը ձեռք է բերել Bombardier Global 6000 ջեթը, որն արժե մոտ 34 մլն դոլար։–0–