ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Բոլորս գիտենք, որ առողջ սննդակարգի շնորհիվ հնարավոր է պահպանել երիտասարդությունը և ունենալ հիանալի կազմվածք։ Սակայն շատերս չենք էլ կասկածում, թե որքան վնասակար են առօրյա կյանքում օգտագործվող ու մեր կարծիքով «անվնաս» մթերքները, գրում է medikforum.ru–ն։
Վերամշակված մսամթերք
Հայտնի է, որ երշիկեղենն այդքան էլ օգտակար չէ, քանի որ այն պարունակում է մեծ քանակի հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը հանգեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների, սակայն դա դեռ ամենը չէ։
«Տաքացնելու և տապակելու ժամանակ առաջանում են նիտրոզամիններ, որոնք կանցերոգեն են։ Դա վերաբերում է օրինակ կարմիր երշիկեղենին», – նշել է Բավարիայի սպառողական կենտրոնի դիետոլոգ Դանիելա Քրելը։
Գրիլի վրա տապակելու և եփելու ընթացքում առաջացած ծուխը վնասակար է առողջությանը։ Այն պարունակում է պոլիցիկլիկ բուրավետիչներ, որոնք ևս կարող են կանցերոգեն լինել։
Թունա ձուկ (թյունոս) և թրաձուկ
Ձուկը պարունակում է Օմեգա–3 ճարպեր և յոդ, այն շատ օգտակար է առողջությանը և պետք է ընդգրկված լինի սննդակարգում շաբաթական առնվազն մեկ կամ երկու անգամ։ Սակայն որոշ ձկնատեսակներում, օրինակ թունա ձկան և թրաձկան մեջ շատ է սնդիկի պարունակությունը։
Բրինձ և բրնձից պատրաստված մթերքներ

Բրինձը համարվում է դյուրամարս մթերք, սակայն սպիտակ բրնձում գրեթե չկան օգտակար նյութեր։ Այդ պատճառով ավելի առողջարար է ամբողջահատիկ բրինձը, որը հարուստ է բջջանյութով, վիտամիններով և հանքանյութերով։
Միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորն
Պատրաստի պոպկորնը, որը մենք դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ, պրակտիկ է, սակայն չափազանց վնասակար է առողջության համար։ Կախված տեսակից` այն պարունակում է մեծ քանակի աղ կամ շաքարավազ, հագեցած ճարպեր, տրանսճարպեր և համի ուժեղացուցիչներ, ինչպիսին դիացետիլն է, որի անգամ փոքր քանակը վնասակար է թոքերին։
Սառեցված պիցցա

Բացեք տուփն ու պիցցան դրեք ջեռոց։ Թվում է, թե չկա ավելի հեշտ բան, քան սառեցված պիցցայի պատրաստումը։ Սակայն նման պիցցան պարունակում է մեծ քանակի ճարպ և կալորիաներ, արհեստական բուրավետիչներ և համի ուժեղացուցիչներ։ Բացի այդ, սալյամիով պիցցան ավելի վտանգավոր է։
«Սալյամիի պնդեցման համար կիրառվող աղի և պանրի համադրության հետևանքով առաջանում են քաղցկեղածին նիտրոզամիններ», – նշել է Դանիելա Քրելը։–0–