Ճիշտ սնվելու 6 խորհուրդ կամ ինչպես չվնասել օրգանիզմին տոնական օրերին

01.01.2018, 13:27
Տոնական օրերին դժվարամարս և միմյան հետ անհամատեղելի մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների:
Ճիշտ սնվելու 6 խորհուրդ կամ ինչպես չվնասել օրգանիզմին տոնական օրերին
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տոնական օրերին դժվարամարս և միմյան հետ անհամատեղելի մթերքների չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների:

ՀՀ առողջապահության նախարարությունը նման խնդիրներից խուսափելու համար ներկայացնում է այդ օրերին ճիշտ սնվելու 6 խորհուրդներ:

1. Սահմանափակել տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը

 - рис.1

Տոնական օրերին պետք է սահմանափակել տապակած, յուղոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը պետք է տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին:

2. Սահմանափակել շաքարի օգտագործումը

 - рис.2

Շաքարի օգտագործման չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածքներ, կրեմային հրուշակեղեն, հյութեր և գազավորված ըմպելիքներ, կոնֆետներ:

3. Նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին

 - рис.3

Խորհուրդ է տրվում ավելի հաճախ օգտագործել բանջարեղենային կերակրատեսակներ, թարմ միրգ և բանջարեղեն, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:

4. Սնվել չափավոր

Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:

5. Պահպանել սննդի ընդունման ռեժիմը

Հնարավորինս պետք է պահել սնման ճիշտ ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:

6. Սահմանափակել ալկոհոլի օգտագործումը

 - рис.4

Պետք չէ օգտագործել ալկոհոլային խմիչքներ: Իսկ օգտագործելու դեպքում, չի կարելի չարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը: -0-