ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի առաջին ընթերցմամբ հավանություն է տվել հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին, ըստ որի գազալցակայաններում գազը կվաճառվի ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, որ խորանարդ մետրով վաճառվող գազի հաշվարկը դժվարություններ է ստեղծում, քանի որ գազալցակայանները գազը ստանում են կիլոգրամով և ստիպված են միջամտել ծրագրային ապահովման մեջ և վերահաշվարկ կատարել խորանարդ մետրով:
«Եթե չկա հստակ կանոնակարգ, առաջանում է սպառողներին խաբելու ռիսկ։ Լուծումը շատ պարզ է. առաջարկվում է խորանարդ մետրից անցնել կիլոգրամների», - ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր հերթին բարձրացրեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից գնվող գազի կալորիականության հարցը:
«Հատնի է, որ ծավալների հստակ չափորոշիչների ձևավորումից բացի գազը որակի գնահատման կարիք ունի: Դուք գիտե՞ք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկատվություն է տրադրում կալորիականության մասին մատակարարման միայն հաջորդ օրը: Այսինքն ստացվում է, որ օգտագործելով գազի նույն ծավալը` վարորդը կարող է անցնել ավելի քիչ տարածություն», - ասաց նա:
Դրան ի պատասխան` փոխնախարարը նշեց, որ այդ հարցը չի կարգավորվում հարկային օրենսգրքի շրջանակներում: Նա ասաց, որ անհրաժեշտ են որակի վերահսկման մեխանիզմներ և խոստացավ բարձրացնել այդ հարցը գործընկերների մոտ:-0-