Ծանր COVID-19–ը ստիպում է օրգանիզմին ճնշել քաղցկեղը․ գիտնականներ

18.11.2024, 17:30
Գիտնականները կարևոր բացահայտում են արել քաղցկեղի բուժման հարցում
Ծանր COVID-19–ը ստիպում է օրգանիզմին ճնշել քաղցկեղը․ գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականներն անսպասելի ազդեցություն են հայտնաբերել ծանր COVID-19 վարակի հետ կապված: Պարզվում է, որ ծանր կորոնավիրուսային վարակը ստիպում է մարմնին առաջացնել հակաքաղցկեղային հատկություն ունեցող իմունային բջիջներ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Investigation (JCI) գիտական հրատարակության մեջ, գրում է gazeta.ru–ն։

Նախկին դիտարկումները ցույց են տվել, որ որոշակի բորբոքային վիճակները կարող են առաջացնել մոնոցիտների՝ արյան հատուկ սպիտակ գնդիկների հատկությունների փոփոխություն։ Այս մոնոցիտներն ունակ են թիրախավորել պաթոգեններին՝ ավելի արդյունավետ իմունային պատասխան ստեղծելու համար:

Գիտնականները նկատել են, որ ծանր COVID-19 և քաղցկեղ ունեցող որոշ պացիենտների մոտ ուռուցքները փոքրանում են վարակվելուց հետո:

Թիմը վերլուծել է կորոնավիրուսով վարակված մարդկանց արյան նմուշները։ Պարզվել է, որ լուրջ վարակի հետևանքով առաջացած մոնոցիտները պահպանում են հատուկ ռեցեպտոր, որը լավ կապվում է COVID-19 ՌՆԹ-ի որոշակի հաջորդականության հետ։

Հետազոտողները նաև ուսումնասիրել են 4-րդ փուլի քաղցկեղի տարբեր տեսակներ (մելանոմա, թոքերի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղ) ունեցող մկների: Կրծողներին տրվել է դեղամիջոց՝ մոնոցիտներ առաջացնելու համար՝ ստեղծելով իմունային պատասխանը COVID-19 վարակի նկատմամբ: Ուսումնասիրված քաղցկեղի բոլոր չորս տեսակների դեպքում ուռուցքները կրճատվել են:

Մասնագետները պարզել են, որ փոխակերպված մոնոցիտներն ունեն հակաքաղցկեղային հատկություն։ Առաջացող բջիջները չեն վերածվել հատուկ բջիջների, որոնք պաշտպանիչ պատնեշ են կազմել ուռուցքի շուրջ։ Փոխարենը, նրանք ներխուժել են ուռուցքի մեջ և ակտիվացրել բնական իմունային զենքը քաղցկեղային հյուսվածքի դեմ՝ ստիպելով փոքրանալ։

Գիտնականները կարծում են, որ նմանատիպ թերապիան կարող է արդյունավետ լինել մարդկանց մոտ՝ քաղցկեղի տարբեր տեսակների դեմ պայքարելու համար: