Հայաստանցի սակրավորներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում Սիրիայում
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից Սիրիա է մեկնել ավելի քան 80 փորձառու սակրավոր։ Հալեպի գավառում, ռուս զինվորականների գլխավորությամբ, նրանք պետք է ականազերծեն բնակելի տարածքների մոտ գտնվող բարդ հատվածներ, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաընկերության կայքը։
Ընդամենը մի քանի ամիս առաջ ալ–Հուսեյնիա գյուղի մոտակայքով անցնում էր ռազմաճակատի գիծը։ Սիրիական բանակի և գրոհայինների դիրքերը բաժանող հսկա տարածքը լի է տարատեսակ ռազմամթերքով։
«Այստեղ ամեն ինչ ականապատված է, մենք պարզապես չենք կարողանում աշխատել, հորեղբորս տղան պայթեց ականի վրա և մահացավ, մենք վախենում ենք թողնել երեխաներին զբոսնելու», – նշել է տեղացիներից մեկը։
Սակրավորներն ականազերծում են տարատեսակ ռազմամթերք` հակատանկային և հակահետևակային, գործարանային արտադրության և ինքնաշեն ականներ։ Ականապատման քարտեզները չեն պահպանվել, այդ պատճառով սակրավորները ստիպված են հույսը դնել միայն սարքավորումենրի և սեփական մարտական փորձի վրա։
Հայաստանցի սակրավորները դեռ շատ անելիք ունեն։ Միայն ալ–Հուսեյնիա գյուղի մոտակայքում հարկավոր է ականազերծել 30քմ տարածք։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները Հալեպի` բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն։ -0-